ԱՆՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի մասնակից հայ կանայք․ Նունե Աբրահամյան

Հաճախ վիրավոր, բայց միայն հոգեպես անպարտելի ժողովուրդներն են հաջողության հասնում պատմության մեջ… Չեն հուսահատվում ժողովուրդները, որովհետև մարդկության ընտանիքի բոլոր անդամները, բացի մեր մտավորականության որոշ մասից, գիտեն, որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա հավիտենական արդարության օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին, եթե այդ վերջինների մեջ չի նվազել սերը դեպ հարազատ երկրամասը: Իսկ սեր ու նվիրում դեպի հայրենիքը, ներշնչում ու սնուցում է հայրենասեր մայրը: Հայ կինն ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն ժաննադարկյան բառերն ուղղված մեր սերունդներին. «Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՛ դասալիքեք»

 Գարեգին Նժդեհ

Արցախյան ազատամարտի առաջին օրերից սկսած հայ կանայք ակտիվորեն մասնակցել են ռազմական գործողություններին: Ռազմագործողությունների մասնակից կանանց հիմնական մասը առաջին գծում զբաղվում էր բուժօգնությամբ: Սակայն քիչ չէին այն հայուհիները, ովքեր օրհասական պահերին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց բացի, նաև զենք էին վերցնում և սահման պաշտպանում: Իսկ մարտի դաշտ մեկնող կանայք, զենքը ձեռքներին, որպես կամավոր-ազատամարտիկ, առաջին գծում մարտնչելուց բացի, մասնակցում էին մի շարք աշխատանքների՝ սկսած բուժօգնությունից, սննդի մատակարարումից ու պատրաստումից մինչև կազմակերպչական մի շարք այլ աշխատանքներ:

1992 թվականի հայուհի հերոսների շարքերն է համալրել ազատամարտիկ բուժքույր Նունե Աբրահամյանը: Նա ծնվել է 1966 թվականի հուլիսին Երևանում: 1990 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն է եղել: 1991 թվականից աշխատել է Երևանի վնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում: Արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել է ռազմական գործողություններին: Առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992 թվականին Արծվաշենում: Դրանից հետո «Արծիվ 24» գումարտակի կազմում մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների: Գումարտակը կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Երևանում՝ Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ: Գումարտակում ընդգրկված էին ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներ:

Ն. Աբրահամյանը 1992-1994 թվականներին «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի Առաջաձորի, Դրմբոնի, Հաթերքի, Սարսանգի ջրամբարի, Կուսապատի և այլ տարածքների, Աղդամի, Ֆիզուլու, Հորադիզ, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի շրջանների, Օմարի լեռնանցքի, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հաղթական երթերի ընթացքում մշտապես եղել է առաջին գծում: Ն. Աբրահամյանը ծառայել է անձնվիրաբար: Նա տասը ամիս տուն չի վերադարձել, չի հանել զինվորական համազգեստը, սանիտարական պայուսակը: Տղաները կռվում էին, նահատակվում: Օգնել էր պետք, խլել մահվան ճիրաններից, մեղմել ցավերը: Տասը ամսվա ընթացքում տասնյակ ազատամարտիկների կյանքեր է փրկել: Տասը ամիս շարունակ գիշեր ու ցերեկ չի ունեցել: Ն. Աբրահամյանը միշտ գրոհի առաջին գծում է եղել, թշնամու կրակի տակ, անձնուրացորեն նետվել է առաջ, որտեղ վիրավորներն էին, որտեղ սեր ու գթություն էր հարկավոր: Իսկ երբ թշնամին շատ էր մոտենում, երբ ազերիներն սպառնում էին մխրճվել, կազմալուծել ազատամարտիկների շղթան, նա վերցնում էր ավտոմատը ու դիպուկ կրակոցով, մեկը մյուսի ետևից գետին տապալում թշնամու զինվորներին: Գերազանց գթության քույր լինելուց բացի նաև գերազանց հրաձիգ էր: Որպես նետաձգության չեմպիոն՝ կրակում էր անվերպ և տիրապետում զենքերի գրեթե բոլոր տեսակներին: Գումարտակի տղաներն այնպես էին ընտելացել, որ չէին պատկերացնում, թե մի օր էլ կարող են բաժանվել նրանից: Բայց կյանքն ունի իր դաժան ու կոշտ օրենքները. ամեն մեկը գալիս, իր գործն է անում ու հեռանում ասպարեզից…:

Օմարի լեռնանցքի ազատագրման համար մղվող մարտերի ժամանակ, Յանշաղ գյուղի մոտ, գումարտակը շրջապատման մեջ է ընկել: Հերթական անգամ, երբ Ն. Աբրահամյանը ցանկացել է շարժվել դեպի վիրավոր ընկերը, ինքն է վիրավորվել կրծքից: 1994 թվականի հունվարի 31-ին Ն. Աբրահամյանին հասցրել են Դրմբոնի զինվորական հիվանդանոց, սակայն բժիշկներն անկարող են եղել փրկել նրա կյանքը:

Եռաբլուրում մի սուրբ մասունք ևս ավելացավ: Այսօր նրա վերջին կռվի վայրում հուշակոթող է կանգնեցված: Ն. Աբրահամյանն իր հոգում կրում էր Աստծո ամենաթանկ պարգևը՝ սերը և գթությունը, որոնք, շռայլորեն ծախսելով, անմահացավ՝ լրացնելով իր ժողովրդի հազարավոր նվիրյալների շարքերը:

Աղբյուրը՝ է․ Մինասյան, «Հայ հերոսուհի կանայք», Երևան, 2016, էջ 646-648։