ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նոր նախագծի շնորհիվ հնարավոր կլինի վերստեղծել անցյալի բույրերը

Շատերին է հետաքրքիր, թե ինչպես են ապրել մարդիկ հին ժամանակներում, ինչ սովորույթներ, ինչպիսի կենցաղ կամ սոցիալական հարաբերություններ են ունեցել։ 15-րդ դարում Յոհան Գուտենբերգի կողմից ստեղծված տպագրական մեքենայի շնորհիվ այսօր գիտնականներն իրենց տրամադրության տակ ունեն հարյուրավոր տարիներ առաջ գրված գրքեր, որոնք հնարավորություն են տալիս շատ բան բացահայտելու միջնադարյան մարդու վերաբերյալ։ Մենք ունենք հսկայական տեղեկատվություն նախընթաց հարյուրամյակների մասին, այդուհանդերձ մեզ դեռևս չի հաջողվել զգալ անցյալի բույրերը, օրինակ՝ ինչպես էին բուրում միջնադարյան Եվրոպայի փողոցները, պալատները կամ դարբնոցները, ինչպիսին էին արդյունաբերական շրջանի բույրերը  և այլն։

Սակայն գայթակղությունը՝ ամենայն մանրամասնությամբ ճանաչելու անցյալը հաճախ հատում է խելամտության սահմանները, իսկ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը կարծես թե տալիս է բոլոր հնարավորությունները հաղթահարելու անհնարին թվացողը․ եվրոպացի գիտնականների թիմը նախաձեռնել է Odeuropa նախագիծը, որի շրջանակներում հնարավոր կլինի վերստեղծել անցյալի՝ 16-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի հոտերը (բույրերը)։

Նախագծի իրագործման համար Անգլիայի Ռասկինի համալսարանը և Նիդեռլանդների Արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիան հատկացրել են 2.8 միլիոն եվրո։

The Guardian-ի փոխանցմամբ այս նախագիծը ստեղծվել է պատմաբանների, արվեստի պատմության ու արհեստական ​​բանականության մասնագետների կողմից։

Ինչպես նշում է Ռասկինի համալսարանի դոկտոր, «Հոտը տասնութերորդ դարի Անգլիայում» (Smell in Eighteenth-Century England, 2019) աշխատության հեղինակ Վիլյամ Թալետը, ով նաև նախագծի հեղինակներից է, միջնադարյան Եվրոպայի հոտերը վերստեղծելու գաղափարը իրենց մոտ առաջացել է 1500 թվականից հետո Եվրոպայում հրատարակված գրքերի ուսումնասիրության ժամանակ: Ըստ նրա, այս գրքերի մեծ մասում կարելի է գտնել բազմաթիվ հոտերի նկարագրություններ։ Երբ այս ամբողջ տեղեկատվությունը հավաքվի և մեկտեղվի, նախագծում պետք է ներգրավվեն քիմիկոսներն ու պարֆյումերները՝ հավաքագրված տեղեկատվությունից բույրերը վերստեղծելու համար։ Գիտնականները հույս ունեն, որ կկարողանան վերստեղծել այն բույրերը, որոնք 500 տարի առաջ զգացել են Եվրոպայի բնակիչները:

Եռամյա ծրագրի առաջին փուլը կմեկնարկի 2021 թվականի հունվարին։ Նախատեսվում է մշակել այնպիսի արհեստական բանականություն, որը ի վիճակի կլինի յոթ տարբեր լեզուներով կարդալ հազարավոր գրքեր և արագ մշակել մեծ քանակությամբ տվյալներ՝ առանձնացնելով հոտերին վերաբերող տեղեկատվությունը (ըստ հեղինակների, օրինակ իտալացի ֆուտուրիստների տեքստերի մշակումը հնարավորություն կտա վերստեղծելու արդյունաբերական հեղափոխության առաջին շրջանի հոտերը)։ Odeuropa նախագծի հեղինակները մտադիր են նաև ստեղծել արհեստական նեյրոնային ցանց, որը հին կտավներում կկարողանա հայտնաբերել այն օբյեկտները, որոնք առնչություն ունեն հոտերի հետ։

Նեյրոնային ցանցի կողմից հավաքագրված տվյալները կօգտագործվեն «Եվրոպայի բույրերի առցանց հանրագիտարան» ստեղծելու համար: Վերջինիս միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե ինչ հոտեր էին տարածված տարբեր շինություններում և ինչպես էին բուրում տարատեսակ ուտեստները և այլն: Բացի այդ, նախկինում մարդիկ հավատացած, որ հոտերը որոշակի հատկություններ ունեն, օրինակ՝ 17-րդ դարի Եվրոպայում հավատում էին, որ Հազրեվարդի (Rosmarinus) հոտը կարող է կանխել ժանտախտը: Այս և նմանատիպ այլ հատկությունների մասին տեղեկությունները հնարավոր կլինի գտնել այդ հանրագիտարանում։

Նախագիծը նաև հնարավորություն կտա պարզելու՝ ինչպես է ժամանակի ընթացքում մարդկանց վերաբերմունքը փոխվել նույն հոտերի նկատմամբ։

Իսկ ծրագրի ավարտին՝ քիմիկոսների և պարֆյումերների կողմից ստեղծված հոտերը հասանելի կդառնան թանգարաններում, որպեսզի կոլորիտն ամբողջական դարձնելու համար այցելուները հաղորդակից դառնան միջնադարյան Եվրոպայի կամ արդյունաբերության շրջանի հոտերին։ Կվերստեղծվեն ինչպես բուրավետ, այնպես էլ տհաճ հոտերը։ Այդպիսիով մարդիկ հնարավորություն կունենան թանգարաններ այցելելիս ոչ միայն տեսողական մակարդակով զգալ անցյալը, այլև՝ հոտառական։ Ինչ խոսք, ֆանտաստիկ գաղափար է։

Առավել մանրամասն՝ այստեղ։