ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

Տիեզերական Հանքարդյունաբերություն․ Աստերոիդներում Առկա Հազվագյուտ Տարրերը Հնարավոր Կլինի Արդյունահանել՝ Օգտագործելով Մանրէներ

Միջազգային տիեզերակայանի վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ որոշ մանրէներ նույնիսկ միկրոգրավիտացիայի պայմաններում ունակ են ապարներից արդյունահանել հազվագյուտ հողային տարրեր (Rare-earth element)։

Որոշակի մանրէների կենսական ակտիվությունը հանգեցնում է նրան, որ դրանք սկսում են կուտակել հազվագյուտ երկրային տարրեր (եվրոպիում, ցերիում, տերբիում, գադոլինիում և այլն): Այս մետաղները հսկայական դեր են ունեն ժամանակակից միկրոէլեկտրոնիկայում։ Ընդ որում, դրանք քիչ են հանդիպում երկրի ընդերքում և ցրված են, ինչն էլ էապես դժվարացնում է դրանց արդյունահանումը՝ կապված մեծ ծախսերի և բնապահպանական լուրջ խնդիրներ հետ։ Այս է պատճառը, որ գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավոր կդարձնեն որոշակի միկրոօրգանիզմների միջոցով անհրաժեշտ մետաղների արդյունահանումը։ Այս երևույթն ընդունված է անվանել կենսահանքարդյունաբերություն (Biomining ):

Այս մեթոդը նվազեցնում է հազվագյուտ տարրերի ավանդական արդյունահանման համար անհրաժեշտ քիմիական նյութերի կիրառման անհրաժեշտությունը. մանրէներն ինքնուրույն կուտակում են դրանք: Ապագայում այսպիսի տեխնոլոգիաները հնարավորություն կտան նման մետաղներ արդյունահանել նույնիսկ աստերոիդների և այլ երկնային մարմինների վրա: Վարկածը հաստատվել է ՄՏԿ-ի վրա վերջերս կատարված փորձերի ժամանակ, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում :

Փորձերն իրականացվել են ESA BioRock նախագծի շրջանակներում՝ Էդինբուրգի համալսարանի (Շոտլանդիա) գիտնականների կողմից։ Նրանք ՄՏԿ են տեղափոխել բազալտի նմուշներ և Sphingomonas desiccabilis, Bacillus subtilis և Cupriavidus metallidurans տեսակի մանրէներ, որոնք պետք է «արդյունահանեին» այդ նմուշներում առկա հազվագյուտ մետաղները։ Մանրէները և բազալտի նմուշները տեղավորել են KUBIK կենսառեակտորում, որում հնարավոր է վերահսկել ոչ միայն ջերմաստիճանը, այլև՝ ձգողականությունը (KUBIK-ը փոքր ծավալով ինկուբատոր է, որը նախատեսված է տիեզերքում կենսաբանական փորձեր կատարելու համար)։

Sphingomonas desiccabilis մանրէներ

Պարզվել է, որ B. subtilis և C. Metallidurans տեսակի մանրէները չեն կարողացել հարմարվել Երկիր մոլորակի պայմաններից տարբերվող պայմաններին, իսկ S. Desiccabilis մանրէները ունակ են եղել գործելու այնպիսի պայմաններում, ինչպիսին օրինակ Մարսի վրա է․ նման ձգողության ուժի պայմաններում այս մանրէները արդյունահանել են ապարի նմուշում առկա ցերիումի և նեոդիմի մոտ 70 տոկոսը։

Իհարկե, գիտափորձերը դեռևս շարունակվում են, սակայն ստացված տվյալները, ըստ հեղինակների, բավարար են պնդելու, որ որոշակի տեսակի մանրէներ կարող են օգտագործվել «տիեզերական կենսահանքարդյունաբերության» համար: Առավել մանրամասն՝ այստեղ։