ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՎ-ի Բուժման Նոր Մեթոդը Նշանակալի Արդյունքների է գրանցել

Ամերիկացի գիտնականները մկների պատվաստման նոր մեթոդ են մշակել, որն արագորեն հակամարմիններ է ստեղծում իմունային անբավարարության վիրուսի տարբեր շտամների դեմ և օգնում է կանխել վարակը:
Մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի և պատճառներից մեկն այն է, որ վիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում, ընդ որում դա տեղի է ունենում ավելի արագ, քան մարդու օրգանիզմը կհասցնի վիրուսի նախորդ «տարբերակի» դեմ հակամարմիններ մշակել։ Լայն սպեկտրի չեզոքացնող հակամարմինները (bNAb) կարող են ճնշել վիրուսի տարածումն ամբողջ մարմնով (viremia) և պաշտպանել ՄԻԱՎ վարակից, բայց դրանք շատ դժվար է ստանալ:
Մկների վրա կատարված փորձերի ընթացքում ամերիկյան Scripps Research հետազոտական կենտրոնի թիմը մշակել է պատվաստումների նոր մեթոդ, որի հիմքում գենետիկական ճարտարագիտությունն (գենային ինժեներիա) է։ Փորձերի համար գիտնականներն ընտրել են այնպիսի մկների, որոնց հումորալ իմունային համակարգը հնարավորինս նման է մարդկայինին։ Նրանց մարմին են տեղափոխել գենետիկորեն վերամշակված b-բջիջները, այնուհետև ներարկել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութը: Հետագա դիտարկումը ցույց է տվել,որ ի պատասխան պատվաստանյութի ներարկմանը, ներմուծված b-բջիջները կարող են բազմանալ և հասունանալ մինչև պլազմային բջիջներ,որոնք այնուհետև երկար ժամանակահատվածում վիրուսի դեմ արտադրում են մեծ քանակությամբ հակամարմիններ: Բացի այդ, հակամարմինների արտադրության համար պատասխանատու գեները նույնպես կարելի է փոփոխել ՝ ՄԻԱՎ-ի բուժումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: «Նոր մոտեցումը թույլ է տալիս օրգանիզմի կողմից արտադրել լայն սպեկտրի չեզոքացնող հակամարմիններ, որոնք կարող են կանխել վիրուսի տարածումը»,- ասել է հետազոտության համահեղինակ բժիշկ Ջեյմս Վոսսը։ Նա նաև նշել է, որ գենետիկորեն վերամշակված b-բջիջները առաջին անգամ են մկների մոտ իմունային անբավարարության վիրուսի նկատմամբ ուժեղ իմունային պատասխան առաջացրել:
Ըստ հեղինակների, նոր պատվաստանյութի համար անհրաժեշտ նյութը հեշտությամբ կարելի է ստանալ մարդու արյունից: Ներկայումս գիտնականները փորձում են մշակել այնպիսի տարբերակներ, որ այս տեխնոլոգիան մատչելի դառնա մարդկանց մեծամասնության համար: Առաժմ այս խնդիրը չի լուծվում, քանի որ բջջային թերապիան շարունակում է բավականին թանկ արժենալ։ Հաջողության դեպքում ՄԻԱՎ-ի բուժման այս նոր մոտեցումը կփոխարինի ստանդարտ հակավիրուսային թերապիային և կօգնի նրանց, ովքեր արդեն ունեն ՄԻԱՎ և ՁԻԱՀ, ինչպես նաև առհասարակ կօգնի կանխել այս վարակի տարածումը ։
Հետազոտության հրապարակվել է Nature Communications ամսագրում