ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հղիության Ընթացքում Վիտամին D-ի Մակարդակը վճռական նշանակություն ունի ապագա Երեխայի IQ-ի վրա

Երեխաների ճանաչողական ունակությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մոր մարմնում վիտամին D-ի բարձր կոնցենտրացիան դրական է ազդում երեխայի ինտելեկտի վրա և նպաստում ուղեղի զարգացմանը:
Սիեթլի Մանկական հետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) թիմը վերլուծել է CANDLE (Conditions Affecting Neurocognitive Development and Learning in Early Childhood) նախագծի տվյալները, որոնք ուսումնասիրում են մինչև չորս տարեկան երեխաների զարգացումը և սովորելու ունակությունները: Գիտնականները ուսումնասիրել են հղիության վերջին փուլում գտնվող 1500 կանանց բժշկական հետազոտությունների տվյալները՝ պարզելու համար, թե այդ փուլում յուրաքանչյուրի մոտ որքան է կազմել վիտամին D-ի մակարդակը։ Ստացված տվյալները համեմատել են արդեն ծնված չորսից վեց տարեկան երեխաների՝ ինտելեկտի և ճանաչողական (կոգնիտիվ) ունակությունների վերաբերյալ տեղեկատվության հետ։


Nutrition գիտական ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ մայրերի օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը կապված է նրանց երեխաների IQ-ի հետ. հղիության ընթացքում որքան բարձր է կնոջ մարմնում այս վիտամինի կոնցենտրացիան, այնքան մի քանի տարի անց ավելի լավ կլինի երեխայի IQ թեստի միավորները։ Գիտնականները պարզել են նաև, որ հետազոտության մասնակիցների շուրջ 46%-ի մոտ առկա է եղել վիտամին D-ի անբավարարություն, ընդ որում՝ առավելապես սևամորթ կանանց մոտ: Ըստ հետազոտության հեղինակ Մելիսա Մելոուի, ԱՄՆ-ի սևամորթ կանանց մոտ 80% -ի մոտ հղիության ընթացքում կարող է առաջանալ վիտամին D-ի անբավարարություն․ «Մելանինը (բնական ծագում ունեցել պիգմենտ) նրանց մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից, և միաժամանակ, արգելափակում ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչն էլ նվազեցնում է D վիտամինի արտադրությունը»,- ասել է Մելոուն։
Սակայն վիտամին D-ի դեֆիցիտը հատուկ չէ միայն սևամորթներին․ խնդիրը ընդհանուր է, և ինչպես նշում են հետազոտության հեղինակները՝ նմանօրինակ ուսումնասիրությունները մեծապես կարող են օգնել հաղթահարելու այն՝ նպաստելով ապագա երեխաների ճանաչողական ունակությունների զարգացմանը։
Իսկ այժմ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ հղիության ընթացքում կանանց համար վիտամին D-ի օպտիմալ մակարդակները որոշելու և կենսաբանորեն ակտիվ նյութերի կոնցենտրացիայի ու պտղի զարգացման միջև ավելի շատ կապեր գտնելու համար: Բայց, ըստ գիտնականների, նրանց աշխատանքն արդեն կարող է օգտակար լինել. օրինակ՝ դրա օգնությամբ հնարավոր է հղի կանանց համար սննդակարգի առաջարկություններ մշակել: Սա հատկապես վերաբերում է մուգ մաշկ ունեցող կանանց և նրանց, ովքեր մշտապես վիտամին D-ի դեֆիցիտ ունեն:

մշտապես վիտամին D-ի դեֆիցիտ ունեն:
Առավել մանրամասն՝ այստեղ