ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մինչև 2030 թվականը բրիտանական բանակի 25%-ը կկազմեն ռոբոտ-զինվորները


Մինչև 2030 թվականը Մեծ Բրիտանիան ցամաքային զորքերի թիվը կհասցնի 120,000-ի, որից 30,000-ը (25%) կլինեն մարտական ռոբոտներ՝ ինքնավար և հեռակառավարվող։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը , այս մասին ասել է Բրիտանիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Նիք Քարթերը։ Վերջինս նշել է, որ թվերը դեռևս նախնական են՝ պայմանավորված ոչ բավարար ֆինանսավորմամբ, ինչն էլ պատճառ է դարձել ռազմական ռոբոտաշինության ոլորտում հետազոտությունների որոշակի նվազմանը։


Բրիտանական բանակը, քաղաքացիական մասնագետների հետ միասին, արդեն տևական ժամանակ է ներգրավված է մի շարք հետազոտական նախագծերում՝ մշակելու համար ինքնավար և հեռակառավարվող մարտական ​​համակարգեր՝ փոքր անօդաչու թռչող սարքեր կամ հեռակառավարվող ցամաքային ու ստորջրյա մեքենաներ, որոնց մի մասը հարվածային է, մյուսը՝ հետախուզական:
Բոլորովին վերջերս հանրությանը հայտնի դարձավ այդ նախագծերից մեկը՝ i9 անօդաչու թռչող սարքը , որը նախատեսված է քաղաքային պայմաններում մարտեր վարելու համար։

Դրա հիմնական խնդիրը փակ շինություններում թշնամուն ոչնչացնելն է․ թափանցելով շենք, անօդաչու սարքը հայտնաբերում է հակառակորդի զինվորներին և կրակահերթով ոչնչացնում։ Դա տեղի է ունենում վայրկյանների ընթացքում, այնպես որ հակառակորդի հրաձիգը չի էլ հասցնի վերև բարձրացնել իր զենքը։
Նմանօրինակ բազմաթիվ նախագծեր մշակվում են խիստ գաղտնիության պայմաններում, որոնց առանձին նախատիպերն այժմ վերջնական մշակման փուլում են։
Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել բրիտանական կանոնավոր զորքերում դրանց լիարժեք տեղակայման մասին։ Իսկ նախքան դրանք կդառնան ռազմական գործողությունների լիարժեք մասնակիցներ, աշխարհի առաջնորդները պետք է համաձայնության գան դրանց օգտագործման էթիկական կանոնների շուրջ: Հակառակ դեպքում մարդկանց (զինվորներին) սպանելու համար ծրագրավորված Արհեստական Բանականությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից և հետևանքները կլինեն չափազանց ծանր։