ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ջրասուզակները Բալթիկ ծովում հայտնաբերել են նացիստների ​​գաղտնագրման լեգենդար մեքենան՝ Enigma-ն

Բալթիկ ծովում գերմանացի ջրասուզակները հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից կիրառվող ռազմական գաղտնագրման մեքենաներից մեկը՝ Էնիգման (Enigma, բառացի՝ գլուխկոտրուկ)։


Գաղտնագրման մեքենան հայտնաբերվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ջրասուզակների կողմից, ովքեր ծովում լքված ձկնորսական ցանցեր էին որոնում։
Պատմական գտածոյի վերականգնումը կտևի մոտ մեկ տարի, որից հետո այն կցուցադրվի թանգարանում։
Գերմանացի ռազմածովային պատմաբան Յան Վիթը կարծում է, որ երեք անիվ (ռոտոր) ունեցող այս մեքենան ծով է նետվել պատերազմի վերջին օրերին՝ գերմանական ռազմանավից։ Ըստ նրա քիչ հավանական է, որ դա լիներ խորտախված սուզանավի մեջ, որովհետև Հիտլերը սուզանավերի մեջ օգտագործում էր ավելի բարդ՝ չորս անիվ ունեցող գաղտնագրման մեքենաներ։
1930 թվականից գերմանացիներն սկսեցին աշխատել Էնիգմայի հատուկ մարտական տարբերակի վրա, որի արդյունքում բարդ մեքենան վերածվեց վտանգավոր զենքի։ Մեզ ծանոթ Էնիգման ստեղծել է գերմանացի ինժեներ Արթուր Շերբյուսը։ Դրա գաղտնագրերը վերծանելն այդ ժամանակ գործնականում անհնար էր թվում․ մեքենայի ծածկագրերը փոխվում էին յուրաքանչյուր 24 ժամը մեկ։
1941 թվականին բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգին հաջողվում է վերծանել Էնիգմայի գաղտնագրերը՝ շնորհիվ իր նախագծած մեքենայի։ Պատահական չէ, որ նրան հաճախ համարում են ինֆորմատիկայի և արհեստական բանականության հայր։ Այս առաջխաղացումը դաշնակիցներին օգնեց վերծանել գերմանական զորքի շարժի ու գործողությունների վերաբերյալ կարևոր ռադիո հաղորդագրությունները: Ըստ պատմաբանների, այս գյուտը պատերազմը կրճատեց մոտ 2 տարով:
2014 թվականին ռեժիսոր Մորտեն Տիլդումը Ալան Թյուրինգի մասին նկարահանում է «Իմիտացիայի խաղ» հանրահայտ ֆիլմը, որտեղ ի թիվս Թյուրինգի կյանքի այլ էջերի, մանրամասնորեն ներկայացված է Էնիգմայի հաղորդագրությունները վերծանող մեքենայի նախագծման ու ստեղծման ընթացքը։