ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Երկու ձեռքերի միջև արյան ճնշման տարբերությունը կարող է լինել սրտանոթային հիվանդությունների ցուցիչ

Գիտնականների միջազգային խումբը ցույց է տվել, թե ինչպես է աջ և ձախ ձեռքի արյան ճնշման տարբերությունը կապված սրտի կաթվածի, ինսուլտի և, որպես հետեւանք` մահվան ռիսկի բարձրացման հետ: Հետազոտությունը հրապարակվել է Hypertension ամսագրում:

Սրտանոթային հիվանդությունների և ճնշման տարբերության կապը հայտնի փաստ է, սակայն, թե որքանով են դրանք փոխկապակցված և ինչ աստիճան, մինչ այժմ բավականաչափ ուսումնասիրված չէր։ Այս պատճառով էլ տվյալ ցուցանիշը չէր կիրառվում ախտորոշումների ժամանակ։

Բացը լրացնելու համար գիտնականների միջազգային խումբը, վերլուծել է 24 ծավալուն ուսումնասիրությունների արդյունքները՝ հավաքելով տվյալներ Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և ԱՄՆ-ի տարբեր երկրներից շուրջ 54,000 մարդու առողջության մասին: Գիտնականները վերլուծել են այդ մարդկանցից յուրաքանչյուրի մոտ երկու ձեռքերի արյան ճնշման տարբերության ցուցանիշները և համեմատել են այդ տվյալները վերջին տասը տարում նրանց շրջանում սրտի կաթվածի, ինսուլտի և այդ պատճառով մահվան դեպքերի քանակի հետ։ Արդյունքում, գիտնականները եկան այն եզրակացության, որ, ինչքան ավելի մեծ է արյան ճնշումների տարբերության ցուցանիշը, այդքան ավելի բարձր է սրտանոթային հիվանդությունների առաջացման և որպես հետևանք դրանց պատճառով մահանալու հավանականությունը՝ սնդիկի սյան նույնիսկ 1 մմ տարբերությունը 1%-ով բարձրացնում է այս հավանականությունը։

Մինչ այժմ նորմայի սահմանում էր համարվում  աջ և ձախ ձեռքի ճնշման ցուցանիշների 15 մմ ս․ս․ շեմային տարբերությունը։ Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նորմայի վերին սահման պետք է համարվի 10 մմ ս․ս․ տարբերությունը։

Արյան հոսքի վրա ազդում են անոթների նեղացումն ու կոշտացումը, ինչին էլ մատնանշում են ճնշման տարբերության ցուցանիշները։

Գիտնականների կարծիքով իրենց եզրակացությունները օգտակար կլինեն բժիշկներին և մոտ ապագայում լայնորեն կկիրառվեն գործնական ոլորտում։