ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

2021 թվականի տեխնոլոգիական միտումները

2021 թվականին սպասվող տեխնոլոգիական զարգացումների մի մասը պայմանավորված կլինի 2020 թվականին ձևավորված միտումներով՝ COVID-19 համաճարակ, սպասվող տնտեսական ճգնաժամ և այլն։

Համաճարակը մեծապես անդրադարձել է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ մարդկանց հետ շփումից մինչև աշխատանք, կրթություն, բժշկություն ու առևտուր։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում կորոնավիրուսը ձևավորեց այլ ապագա և այլ պատկերացումներ աշխարհի բնակչության համար:

Մի քանի ամիսների ընթացքում մարդկությունը հնգամյա թռիչք կատարեց թվային տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ ինչպես օգտատերերի մակարդակում, այնպես էլ՝ բիզնեսում: Տարբեր երկրների բնակիչներ հանկարծակի հայտնվեցին ապագայում։

Եվ այս ամենն, իհարկե, առաջնահերթ նշանակություն կունենա 2021 թվականին տեխնոլոգիաների զարգացման համար:

Ինֆոդեմիա

Անցած տարեվերջին մի քանի երկրներ և կազմակերպություններ հայտարարեցին, որ ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութը (Pfizer, BioNTech, AstraZeneca, Sputnic V և այլն)։ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական որոշ երկրներ նույնիսկ սկսեցին մրցել իրենց պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցելու համար։ Սակայն, տարօրինակ կերպով, այս լուրը շատերի մոտ դժգոհություն և խորը թերհավատություն հարուցեց։

COVID-19. Coronavirus swab sample COVID-19. swab coronavirus test. Epidemic outbreak. a man in a chemical protection suit holds a test tube for analysis.

Պատվաստանյութերի նկատմամբ կասկածը նոր երևույթ չէ, բայց սպասվող գլոբալ պատվաստումը առաջացրել է (հատկապես՝ համացանցում) կեղծ տեղեկատվության հեղեղ, ինչ էլ շատերի մոտ անվստահություն է առաջացնում պատվաստումների նկատմամբ։

Պատվաստումների նկատմամբ թերհավատության աճը մեծապես պայմանավորված է վերջին տարիներին համացանցում կեղծ տեղեկատվության տարածման ու փաստերի խեղաթյուրման հետ (միտումնավոր և անմիտում)։ Սուտը ճշմարտությունից արագ է տարածվում և ազդում կարևոր հարցերի շուրջ հասարակական կարծիքի ձևավորման վրա․ վարակի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունն ավելի արագ է տարածվում քան վիրուսը, և սա հենց այն է ինչն անվանում են ինֆոդեմիա։

Այնուամենայնիվ, COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը կշարունակվի նաև 2021 թվականին՝ ստեղծելով բոլոր նախադրյալները գլոբալ պատվաստումների համար։

5G

Հակառակ ամենատարբեր դավադրության տեսություններին՝ 2021 թվականին կշարունակվի 5G կապի զարգացման ու ներդրման գործընթացը, որը նոր հնարավորություններ կստեղծի գրեթե բոլոր ոլորտներում։ 5G կապի ներդրումը կձևավորի նոր տեխնոլոգիական միտումներ, որոնք կարող են ազդել տնտեսության բոլոր ճյուղերի վրա և դառնալ ապագայի թվային տնտեսության հիմքը:

Հեռավար աշխատանք

Համաշխարհային աշխատաշուկայում հեռավար աշխատանքի մասնաբաժինը վերջին տարիներին աճում էր, իսկ համաճարակն այս գործընթացը կտրուկ արագացրեց։ Կարանտինի սահմանափակումները հանգեցրեցին նրան, որ ամբողջ աշխարհում փակվեցին հազարավոր գրասենյակներ, աշխատողների մեծ մասն էլ  անցավ հեռավար աշխատանքի։ Ամենօրյա ժողովներին փոխարինել է տեսազանգը, որը դարձել է նորմ:

2023 թվականի վերջին կազմակերպությունների մինչև 40%-ը կկարողանան աշխատել հեռավար, և այդ միտումը ոչ այնքան կապված է համաճարակի հետ, որքան գրասենյակի սպասարկման ծախսերի նվազեցման հետ:

Տիեզերք

2020 թվականը շրջադարձային էր տիեզերական մասնավոր ճանապարհորդությունների համար, քանի որ մայիսին SpaceX-ը իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ մարդկանց հասցնել միջազգային տիեզերակայան:

Բայց սա մեծ փոփոխությունների միայն առաջին նշանն է. ավելի ու ավելի շատ ընկերություններ են պայքարում, որպեսզի տիեզերական ճանապարհորդություներն ավելի հեշտ և մատչելի դառնան։

Կոմերցիոն ընկերությունները միշտ էլ ներգրավված են եղել տիեզերական ծրագրերում, սակայն նախկինում երբեք չեն եղել կենտրոնական դերում: Նման ընկերություներից ամենահայտնին թերևս SpaceX-ն է, սակայն դրանով ցուցակը չի սահմանափակվում:

Ջեֆ Բեզոսի «Blue Origin» և Ռիչարդ Բրանսոնի «Virgin Galactic» նույնպես համագործակցում են պետական ​​մարմինների հետ, որպեսզի տեսանելի ապագայում կազմակերպեն տիեզերական զբոսաշրջությունն ու նույնիսկ դեպի Լուսին թռիչքները։

Այժմ ավելի քան տաս երկրներ արդեն ունեն տիեզերական հավակնություններ և կարող են հրթիռներ արձակել Երկրագնդի ցածր ուղեծիր, ուստի մասնավոր տիեզերական ընկերությունների հաճախորդների բազան միայն կաճի: