ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Tesla-ն Չինաստանում գործարկել է էլեկտրամեքենաների լիցքավորման աշխարհի ամենամեծ կայանը

Tesla-ն Չինաստանի Շանհայ քաղաքում գործարկել է էլեկտրական մեքենաների լիցքավորման աշխարհի ամենամեծ կայանը (Supercharger station): Լիցքավորման համար 72 կետ ունեցող այս կայանը մեծությամբ գերազանցեց Tesla-ի նախորդ՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում  գտնվող կայանին, որն ուներ լիցքավորման 56 կետ։ Ի տարբերություն Կալիֆոռնիայի բացօթյա կայանի, Շանհայի կայանը տեղակայված է փակ տարածությունում։

Կայանը տեղակայված է Jing’an կոչվող հատվածում, որտեղ և կենտրոնացած են Շանհայի առանցքային բիզնեսներն ու խոշոր առևտրային տարածքները։

Լիցքավորման կետերում տեղադրված են մինչև 150 կՎտ հզորությամբ V2 լիցքավորիչներ, ի տարբերություն Կալիֆոռնիայի կայանի, որտեղ տեղադրված են 250 կՎտ հզորությամբ V3 լիցքավորիչներ։ Սա նշանակում է, որ Շանհայի վարորդները ստիպված կլինեն մի փոքր ավելի երկար սպասել լիցքավորմանը:

Tesla-ն տեղական արտադրության ավելի քան 20,000 էլեկտրական տրանսպորտային միջոց է առաքել Չինաստան, որը և ընկերության համար դարձել է առանցքային շուկա: Նոյեմբերին ընկերությունը Շանհայում գտնվող իր Gigafactory 3 գործարանում արտադրել  է շուրջ 23,000 էլեկտրական մեքենա: Մեքենաների մի մասը վաճառվում է Չինաստանում, իսկ մյուս մասն արտահանվում է Եվրոպա և այլ երկրներ:

Այլևս փաստ է, որ էլեկտրամեքենաները գրավում են աշխարհը՝ գործածությունից դուրս մղելով դիզելային շարժիչով մեքենաներին։ Մի շարք զարգացած երկրներ աստիճանաբար դիզելային շարժիչով մեքենաների շարժը սահմանափակող օրենքներ են ընդունում: Օրինակ, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն։ Խոշոր ավտոարդադրող ընկերությունները կարճաժամկետ հեռանկարում փոխում են իրենց ծրագրերը՝ նախապատվություն տալով էլեկտրակամեքենաներին։