ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Microsoft-ը արտոնագրել է տեխնոլոգիա, որը կարող է ստեղծել յուրաքանչյուր մարդու թվային կրկնակը՝ չատ-բոտի տեսքով

Ըստ ամենայնի, առաջիկայում իրականություն կդառնա բրիտանական «Սև հայելի» (Black Mirror) գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի սյուժեներից մեկը․ Microsoft-ը արտոնագրել է տեխնոլոգիա, որը կարող է ստեղծել յուրաքանչյուր մարդու թվային կրկնակը՝ չատ-բոտի (chatbot) տեսքով։

Հայտը հրապարակվել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (USPTO) կայքէջում։

Չատ-բոտի հոգեբանական բնութագիրը կազմվելու է ամենատարբեր տվյալների հիման վրա, ինչպիսիք են օրինակ՝ լուսանկարները, ձայնագրությունները, համացանցային գրառումներն ու հաղորդագրությունները։ Այսինքն, կօգտագործվի անհրաժեշտ մարդու կողմից ստեղծված կամ նրան նկարագրող ցանկացած ձևի տեղեկատվություն։ Այդ տվյալների հիման վրա էլ ստեղծվելու է հատուկ ինդեքս, որը և որոշելու է չատ-բոտի «անձին» բնորոշ գծերը։

Արտոնագրի հայտում նկարագրվում է, թե ինչպես են պատրաստվում տվյալ ծառայությունը կյանքի կոչել։ Մարդու մասին անհրաժեշտ տեղեկությունները ներբեռնելու համար կարող են օգտագործվել թե՛ բջջային սարքերը՝ պլանշետ, սմարթֆոն, թե՛ համակարգիչները։ Համակարգը կլինի սպասառու-սերվերային (client–server), ինդեքսի ստեղծման, չատ-բոտի վարժեցման և տվյալների պահպանման համար նախատեսվում է օգտագործել հեռավար վեբ-պորտալ։

Բացի տեքստային չատ-բոտից, որը կրկնօրինակելու է անհրաժեշտ մարդու անձնային գծերը, այս ծառայության արտադրանքը կարող է դառնալ մարդու երկչափ կամ եռաչափ գրաֆիկական մոդելը, ինչպես նաև ձայնի անհատականացված սինթեզատորը: Այսինքն՝ «վերամարմնավորված» բոտը ոչ միայն կգրի իրական մարդու նման, այլև կկարողանա անհրաժեշտ մարդու ձայնով խոսել և նրա տեսքն ունենալ: Սակայն փաստաթղթում չի նշվում՝ արդյո՞ք այս ծրագիրը նախատեսված կլինի կենդանի մարդկանց նմանակման համար, թե՞ կօգտագործվի միայն մահացածներին «թվային հարություն» տալու համար։

Անհատականության թվայնացումը գիտաֆանտաստիկ ֆիլմերում և գրքերում հանդիպող ամենատարածված սյուժեներից է: Ինչպես նշեցինք, որպես ամենահայտնի օրինակ կարելի է հիշել «Սև հայելի» սերիալի երկրորդ սեզոնի առաջին դրվագը: Պատմությունը մի կնոջ մասին է, ով կորցրել է իր սիրելի տղամարդուն և, չկարողանալով հաղթահարել կորստի վիշտը, դառնում է մի ծառայության հաճախորդ, որը վերստեղծում է մահացած մարդկանց թվային պատճենները: Արհեստական ​​բանականությունը ընդօրինակում է նրա մահացած ընկերոջը՝ կարդալով բոլոր գրառումները, որոնք նա արել է սոցիալական ցանցերում:

Ի՞նչ խոսք, ֆանտաստիկ գաղափար է։ Մնում է մտածել բարոյական նորմերի և էթիկական խնդիրների մասին։