ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիրության դեմ պայքարի նոր մեթոդ․ ներկայացվել է հատուկ իմպլանտ՝ ճարպակալման դեմ

Տեխասի A&M համալսարանի ճարտարագետները ստեղծել են իմպլանտ, որը կօգնի այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել, և շատ հաճախ ստիպված են լինում դիմել ծայրահեղ մեթոդների, օրինակ՝ վիրահատական ճանապարհով ստամոքսի փոքրացումը։ Ըստ հեղինակների, նոր մշակված իմպլանտի տեղադրումն ավելի անվտանգ է, և նպատակահարմար։ Իմպլանտի աշխատանքը հիմնվում է ստամոքսի շրջանում թափառող նյարդի ( որի միջոցով գլխուղեղը ստանում է հագեցվածության ազդանշանը) արգելափակման վրա։ Ներազդելով այս նյարդի վրա՝ հնարավոր է դառնում օրգանիզմին «խաբել», որ այն արդեն հագեցել է։ Եվ դա նույնիսկ այն դեպքում, եթե ստամոքս շատ քիչ քանակությամբ սննունդ է մտել։

Նախկինում համարվում էր, որ գլխուղեղը հագեցվածության ազդանշանը ստանում է ստամոքսի պատերի լայնացումից հետո, սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հագեցվածության ազդանշանը հնարավոր է փոխանցել առանց ստամքսի լայնացման։ Իմպլանտը ազդում է նյարդի վրա օգտագործելով լույսը, որը ստանում փոքր չափսի, էներգիայի նվազագույն սպառումով LED լամպերից։ Իմպլանտն օգտագործում է պարուրաձեւ ռադիոընդունիչ և տրանսֆորմատոր, որը ռադիոազդանշանները վերածում է LED լույսերի համար էներգիայի: Նախկինում նմանատիպ իմպլանտները վիրահատական եղանակով տեղադրվում էին նյարդի դիմաց և մշտապես աշխատում էին՝ օգտագործելով ներդրված կամ միացրած լարային էներգիայի աղբյուր։

Նոր իմպլանտը ոչ միայն ավելի փոքր է, քան նախկինները (ունի մոտ 1 սմ տրամագիծ), այլև աշխատում է ճկուն եղանակով: Փաստացի, այն գործում է ի պատասխան դրսից եկող ռադիոազդանշանի, այնպես որ օգտագործողը կարող է ինքնուրույն ըստ հանգամանքների  որոշել, թե երբ միացնել սարքը՝ ավելի քիչ ուտելու համար: Կամ էլ սարքի ղեկավարումը կարող է տրվել բժիշկին՝ վերահսկելու համար, թե ինչպես են սնվում այն հիվանդները, ում խորհուրդ է տրվել նիհարել:

Աշխատանքը հրապարակվել է  Nature Communications ամսագրում։ Առավել մանրամասն՝ այստեղ։