ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ճապոնացի գիտնականները մշակել են «խելացի ժամացույց», որը չափում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ առանց մաշկը ծակելու

Ճապոնական Quantum Operation Inc․ ստարտափի գիտնականները ներկայացրել են արտաքինից «խելացի ժամացույցին» նմանվող սարքի նախատիպ, որն ունակ է օգտագործողի մոտ որոշելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը դաստակից՝ առանց մաշկը ծակելու (ասեղային միջամտության)։ Չափման համար սարքից պահանջվում է ընդամենը 20 վայրկյան։

Տեխնոլոգիան ներկայացվել է CES -2021 սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա միջազգային ցուցահանդեսում, որն այս տարի անցկացվել է առցանց։

Ինչպես հաղորդում է Engadget.com-ը, ի լրումն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մոնիտորինգի, սարքը կարող է հետևել օգտագործողի սրտի զարկերին և արձանագրել ԷՍԳ-ն (ECG, էլեկտրասրտագրություն)։

Այժմ, որպես կանոն, գլյուկոզայի մակարդակը ստուգում են մատը ծակելու կամ մարմնում տեղադրվող իմպլանտների միջոցով։ Quantum Operation Inc․ ստեղծած տեխնոլոգիայի հիմքում ռաման սպեկտրոսկոպիա (Raman Spectroscopy) մեթոդն է։ Տվյալները ստացվում են արյան մեջ պարունակվող նյութերի հետ լույսի փոխազդեցության վերլուծության արդյունքում, ինչն իր հերթին չի ենթադրում մաշկի վնասում։

Նշենք, որ Quantum ընկերությունն առաջինը չէ, որ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ․ օրինակ, Apple-ը նախկինում արտոնագրել էր նման հնարավորություններ ունեցող սարք, որը սակայն հաջողություն չունեցավ։ Ճիշտ է Quantum Operation-ի ստեղծած նախատիպը ևս դեռ հեռու է կատարյալ լինելուց, սակայն մշակողները կարծում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի այս սարքի ֆունկցիոնալությունը բարելավել այնքան, որ այն լիարժեք կերպով օգտագործվի բժշկության մեջ։