ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գաղտնաբառերը մոռացած միլիոնատերերը զրկվում են իրենց բիթքոյնի կարողությունից

238մլն դոլար և մուտքի ընդամենը 2 փորձ

Հատկապես վերջին շրջանում Բիթքոյնի արժեքի կտրուկ աճն ամբողջ աշխարհում անսպասելի ու լուրջ խնդիրներ առաջացրեց։ Պարզվեց, որ շատերը պարզապես մոռացել են իրենց գաղտնաբառերը և չեն կարողանում մուտք գործել իրենց թվային դրամապանակ։ Տարիներ շարունակ նրանք չեն օգտագործել իրենց թվային դրամապանակը, և երբ, պայմանավորված Բիթքոյնի արժեքի աննախադեպ աճով, որոշել են վաճառել, հայտնվել են շատ ծանր իրավիճակում:

2021 թվականի հունվարի 10-ին մեկ բիթքոյինի արժեքը հասավ շուրջ 40,000 դոլարի, հունվարի 17-ի դրությամբ այն մոտ 34,500 դոլար է (շուրջ 18 միլիոն դրամ)։

Ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Ստեֆան Թոմասի պատմությունը, ով, երբ երիտասարդ ծրագրավորող էր, սկսել էլ կուտակել բիթքոյն, սակայն լուրջ չէր վերաբերվել նման հոբբիին: Եվ որպես հետևանք, երբ օրերս ուզում էր մուտք գործել իր հին դրամապանակը, պարզվել է, որ մոռացել է գաղտնաբառը: Գաղտնաբառը գուշակելու ութ փորձը ձախողվել է, մնացել է ընդամենը երկուսը, որից հետո ընդմիշտ արգելափակվելու է մուտքը դեպի թվային դրամապանակ:

Ստեֆանի դրամապանակում առկա է 7002 բիթքոյն, ինչը ներկայիս փոխարժեքով համարժեք է 238 միլիոն դոլարի։ Միգուցե Ստեֆանին մխիթարի այն փաստը, որ նույնիսկ փորձառու ներդրողներն ու ֆինանսիստներն անընդհատ մոռանում են իրենց գաղտնաբառերը՝ բախվելով լուրջ խնդիրների։

Chainalysis ընկերության տվյալներով՝ գոյություն ունեցող 18.5 միլիոն բիթքոյնի մոտ 20 տոկոսը (մոտ 140 միլիարդ դոլար) գտնվում է այն դրամապանակներում, որոնց տերերը մոռացել են գաղտնաբառը։

Բազմաթիվ ապագա միլիոնատերեր անխոհեմորեն հույսը դնում են համակարգի վրա և կորցնում իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: