ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ պետք է իմանալ ապատեղեկատվության մասին․ 10 փաստ թվային խորհրդատուից

Համացանցն ու սոցիալական մեդիան (social media) իդեալական պայմաններ են ստեղծել կեղծ տեղեկատվության և դավադրության տեսությունների աճի ու տարածման համար (միտումնավոր և ոչ մտածված): Օնլայն տիրույթում ստեղծվող ու շրջանառվող կեղծ տեղեկատվությունները կարող են իրական սպառնալիք լինել ցանցից դուրս (օֆլայն տիրույթում), հատկապես այն պատճառով, որ թվային գրագիտությունն ու թվային քաղաքականությունը (digital policy) ներկայումս ի վիճակի չեն հետևել փոփոխությունների տեմպին:

Համացանցից օգտվողների ճնշող մեծամասնությունն այժմ ամեն օր հանդիպում է այսպես կոչված «ֆեյք նյուզերի»։ 2020 թվականի հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցկացրեց իր առաջին համաժողովը, որում դիտարկվում էր «ինֆոդեմիան» ՝ ի պատասխան Covid-19-ի հետ կապված ապատեղեկատվության: Վերջին տարիներին բազմաթիվ ժողովրդավարական երկրներ ստիպված են եղել ուսումնասիրել օտարերկրյա միջամտությունները իրենց սոցիալական մեդիայի վրա: Այժմ ամբողջ աշխարհում ստեղծվում են փաստերի ստուգման կազմակերպություններ, որոնք զբաղվում են ապատեղեկատվության բացահայտմամբ, իսկ խոշոր լրատվական կազմակերպությունները, որպես կանոն, ունեն ապատեղեկատվությունն ուսումնասիրող լրագրողներ։

Թվային խորհրդատու (Digital Consultant) Ջոնաթան Թանները, ով նաև Կառավարությունն ընդդեմ Ռոբոտների փոդքաստի հեղինակն է (Government Vs The Robots, հարցազրույցների շարք, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է ապագայում տեխնոլոգիան ազդելու քաղաքականության վրա), ներկայացրել է 10 հարց և դրանց պատասխանները, որ պետք է իմանալ ապատեղեկատվության մասին։

01 Ի՞նչ է MDI-ն

Կեղծ տեղեկատվությունը (ապատեղեկատվությունը) բնորոշելու համար անգլերենում հաճախ կիրառում են misinformation և disinformation հասկացողությունները։ Առաջինը կեղծ և հաճախ վնասակար տեղեկատվությունն է, որը չի կիսվում չարամիտ դիտավորությամբ, երկրորդը՝ կեղծ և վնասակար տեղեկատվություն է, որը տարածվում է դիտավորությամբ՝ վնաս պատճառելու համար։ Մենք այս հասկացողությունները միասին անվանում ենք «MDI»։

MDI-ն դրսևորվում է տարբեր ձևերով է: Այն կարող է ներառել կայքերում հրապարակվող հոդվածները, մանիպուլյացնող պատկերները, նկարներ, կոնտեքստից կտրված փաստերը և այլն։

02 Ո՞վ է տարածում դա

Յուրաքանչյուր ոք

Մենք բոլորս MDI-ի հավանական տարածողներ ենք: Ամեն անգամ, երբ վիրուսային հաղորդագրություն ենք վերահասցեավորում կամ վերահրապարկում ենք վնասակար տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն, նպաստում ենք MDI-ի տարածմանը։ Եվ այս տեղեկատվության տարածմամբ մենք առավելապես վնասում ենք հատկապես նրանց ում հետ ամենամոտն ենք (մասնավորապես, սոցիալական ցանցերի ընկերները)։

03 Սա նո՞ր խնդիր է

Ոչ այնքան․ MDI-ին հին խնդիր է նոր կոնտեքստում

Մենք միշտ ստիպված ենք եղել գործ ունենալ բամբասանքների, ասեկոսեների և քարոզչության հետ: Իսկ այժմ, պայմանավորված թվային տեղեկատվական համակարգերի զարգացմամբ ու տարածմամբ, զարգացել են նաև MDI-ի առաջացման ու իրացման եղանակները։ Այժմ MDI-ի տարածման համար ծավալի, արագության ու տարածության սահմանափակումներ չկան։Դա տեղի է ունենում հատկապես սոցիալական լրատվամիջոցների միջոցով, որոնք կոչված են հասարակությանը իրական ժամանակում տեղեկատվություն փոխանցել։

Ներկայումս  կառավարությունների մեծ մասը կամ չեն ցանկանում, կամ չեն կարող պաշտպանական քաղաքականություն ստեղծել քաղաքացիներին MDI-ից և դրա առաջացրած վնասներից պաշտպանելու համար:

04 Ինչպե՞ս է այն տարածվում

Հեշտությամբ

MDI-ի տարածման համար օգտագործվում են մի շարք տեխնիկաներ: Մեծ մասը օգտվում է սոցիալական լրատվամիջոցներից:

MDI տարածողները բացում են կեղծ վեբ-կայքեր կամ սոցիալական հարթակներում (Facebook, Youtube և այլն) ստեղծում կեղծ օգտահաշիվներ, որոնցով և լայնորեն տարածում են կեղծ բովանդակությունը, երբեմն այնքան լավ, որ այն կարող են վերցնել հիմնական լրատվամիջոցները:

Հավանական է, որ մոտ ապագայում MDI տարածողներն ավելի ու ավելի շատ կդիմեն արհեստական բանականության օգնությանը՝ ստեղծելով ռեալիստիկ բոտ-հաշիվներ, որով և ԱԲ-ն կտարածի ապատեղեկատվությունը։

05 Այս ամենն իշխանության մասի՞ն է

Ոչ այնքան, սակայն դրա զգալի մասն է կազմում

Պատմության ընթացքը վերահսկելու կամ այն ձևավորելու կարողությունը իշխանության ամենակարևոր կողմերից մեկն է: MDI-ն կարող է միտումնավոր կերպով քաղաքական ռազմավարության մաս կազմել` առկա սոցիալական լարվածությունը սրելու կամ կասկած և շփոթություն սերմանել համար: Այն առկա է հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ MDI-ի ազդեցությունը հասարակության վրա այնքան զգալի է, որ հնարավոր է նաև այդ եղանակով ազդեցություն ունենալ ընտրությունների, տեղական, տարածաշրջանային ու գլոբալ հարցերի որոշման վրա և այլն: Օրինակ, 2020 թվականին թունիսական ընկերությունը այդ եղանակով փորձել էր ազդել Տոգոյի հանրապետությունում ընտրությունների արդյունքների վրա։

06 Իսկ փողի մասի՞ն

Այս ոլորտում փողի շրջանառությունը հսկայական է

Համացանցային գովազդների մոդելները կառուցվում են այնպես, որ մենք կարողանանք սեղմել հղումները և այցելել անհրաժեշտ էջեր։ Որպես կանոն, գովազդները մատուցվում են խոշոր ընկերությունների միջոցով, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը և այլն։

Հանրաճանաչ օգտահաշիվներ ստեղծելով՝ անհատները կարող են հազարավոր դոլարներ աշխատել, հատկապես, երբ զբաղվում են MDI-ի տարածմամբ։1 Այս մեխանիզմը հեշտությամբ կիրառվում է YouTube-ի, Twitter-ի  և Facebook-ի նման միլիոնանոց լսարան ունեցող հարթակներում։

07 Ո՞ւմ կարող եմ վստահել

Լավ հարց է

Վստահությունը կարևոր դեր է խաղում թվային տեղեկատվական համակարգերում: Այն դեպքում, երբ կառավարության և պաշտոնական տեղեկատվության աղբյուրների նկատմամբ վստահությունը ցածր է, քաղաքացիները տարբեր կերպ են վերաբերվում հանրային տեղեկատվությանը` համեմատած այն երկրների հետ, որտեղ վստահությունը մեծ է:

MDI-ի կողմից ներկայացված սպառնալիքի դեմ պայքարում չափազանց կարևոր է գիտակցել, որ թվային տեղեկատվական համակարգերի նկատմամբ հասարակության վստահությունը կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև՝ հաշվի առնել այն ռիսկերը, երբ անհատները կամ ինչ որ կազմակերպություններ կարող են ձեռք բերել այն։

08 Որքանո՞վ է դա վնասում

Շատ

MDI-ն հաճախ օգտագործվում է ռասիստական ​​վերաբերմունքը և խտրականությունը խթանելու և տարածելու համար: Սա կարող է հանգեցնել բռնության և չարաշահումների, ինրչպես նաև միաժամանակ կարող է խաթարել պաշտոնական հաստատությունների դերը՝ հասարակական ծառայություններ մատուցելու գործում, ինչպիսիք են պատվաստումների արշավները: 2019 թվականին Պակիստանում պոլիոմիելիտի պատվաստումները դադարեցվել էին այն բանից հետո, երբ WhatsApp-ի միջոցով MDI-ն տարածվեց, և սկսեցին հարձակումները բուժաշխատողների վրա: Covid-19-ի համավարակի ժամանակ մի շարք երկրների բուժաշխատողներ նույնպես բախվեցին MDI-ի խնդրին։

MDI-ն ակտիվորեն տարածվում է անհանգիստ և անորոշ ժամանակներում։ ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակների ժամանակ հատուկ ուշադրություն են դարձնում սոցցանցային գրառումներին՝ խուճապը կանխելու համար։ MDI-ը բացասական հետևանքներ կարող է թողնել հասարակության կարծիքի հետազոտությունների վրա, հատկապես քաղաքական ոլորտում։

09 Ի՞նչ կարող են անել հաստատությունները դրա դեմ

Բարդ խնդիր է, որի լուծումը դժվար է գտնել

MDI-ի խնդիրը լուծելու համար հաստատությունները պետք է ավելի լավ հասկանան այսօրվա թվային տեղեկատվական համակարգերը: Սա կօգնի մշակել ճիշտ ռազմավարություն, որը կներառի աջակցությունն անկախ լրագրողներին և փաստերը ստուգողներին, հասարակության տարբեր խմբերում թվային մեդիագրագիտությունը բարելավելու ջանքերը և առցանց վնասների կանխարգելման նոր քաղաքականությունը:

Լարված ժամանակահատվածներում հատկապես կարևոր է, որ MDI-ի դեմ պայքարի մոտեցումները համակարգված լինեն՝ միաժամանակ տեղ թողնելով նորարարական մոտեցումների համար։

10 Իսկ ի՞նչ կարող եմ ես անել

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է փորձել կանխել MDI-ի տարածումը

Ահա թե ինչու է ՄԱԿ-ը ներդրումներ կատարում այն արշավների մեջ, որոնք կոչված են մարդկանց մտածել տալ վիրուսային բովանդակությամբ նյութեր տարածելուց առաջ: Նույնիսկ եթե մենք չենք կիսվում MDI-ով, մենք դեռ կարող ենք լինել խնդրի մի մասը, եթե տեսնելիս չփորձենք լուծել այն: Սա չի նշանակում փորձել ամաչեցնել այն մարդկանց, ովքեր տարածում են MDI-ն, այլ փոխարենը՝ հասկանալ, թե ինչու են մարդիկ կեղծ տեղեկություններով կիսվում և բացատրել նրանց, թե դա ինչ վնաս կարող է բերել: