ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Թուրքիան խթանում է ներքին ռազմարդյունաբերությունը․ Altay տանկը կունենա թուրքական արտադրության շարժիչ

Մեր նախորդ հոդվածներում բազմիցս նշել ենք, որ Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը ռազմական արդյունաբերության ոլորտում անկախություն ձեռք բերելու և արտասահմանյան արտադրողներից հնարավորինս քիչ կախում ունենալու համար, և այս ոլորտում պետական ներդրումները հասնում են միլիոնավոր դոլարների։ Վերջերս հայտնի դարձավ, որ Թուրքան պատրաստվում է իր Altay տանկի համար շարժիչ ստեղծել հենց իր երկրում։ Batu անվամբ շարժիչը կկարողանա փոխարինել գերմանական MTU ընկերության շարժիչին, որն ի սկզբանե նախատեսված էր որպես թուրքական ՀՄՏ-ի (Հիմնական մարտական տանկ) միավոր: Հատկապես վերջին տարիներին տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը պատճառ է դառնում, որ բազմաթիվ երկրներ ամբողջությամբ կամ մասնակի խզեն Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների մատակարարման պայմանագրերը: Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգոյի պատճառով գերմանական արտադրողների հետ բանակցությունները շատ հարցերում ձախողվում են և արտահանումները դեպի Թուրքիա կատարվում են սահմանափակ քանակով՝ խոչընդոտելով թուրքական ռազմարդյունաբերության զարգացումը և բազմաթիվ խոշոր ծրագրերը դնելով հարցականի տակ։

Շարժիչի նախագծմամբ զբաղվում է թուրքական Otokar ընկերությունը։ Աշխատանքներն իրականացվում են Fiat և Iveco ընկերությունների ինժեներների հետ համագործակցությամբ։ Հայտնի է, որ Batu շարժիչը կունենա 1600 ձիաուժ հզորություն: Մնացած պարամետրերը և դրա սերիական արտադրության ժամկետները դեռևս չեն հաղորդվում:

2008 թվականին Altay տանկի մշակողները համաձայնագիր ստորագրեցին հարավկորեական Hyundai Rotem ընկերության հետ: Պայմանագիրը ներառում էր թուրքական տանկի ստեղծման համար անհրաժեշտ մի շարք կորեական տեխնոլոգիաների փոխանցում, այդ թվում՝ կորեական արտադրության շարժիչ, սակայն 2011 թվականին պայմանագիրը լուծվեց, որից հետո նոր պայմանագիր կնքվեց ավստրիական արտադրողների հետ, բայց զենքի էմբարգոն 2017 թվականին հանգեցրեց նաև այս համագործակցության ավարտին։

Ամենայն հավանականությամբ, Altay-ի առաջին խմբաքանակը կստանա գերմանական MTU շարժիչ՝ RENK փոխանցման տուփով: Ենթադրվում է, որ մինչև 2022 թվականը դրանք պետք է փոխարինվեն թուրքական Batu շարժիչով։