ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Nissan-ը ներկայացրել է գրասենյակ-մեքենայի յուրօրինակ կոնցեպտ՝ հեռավար աշխատողների համար

Հեռավար աշխատանքն այժմ ոչ թե արտոնություն է, այլ անհրաժեշտություն (ոմանց համար)՝ պայմանավորված համաճարակով։ Սակայն, մի շարք դրական կողմերին զուգահեռ, տանից աշխատելն ունի նաև բացասական կողմեր, որոնք կարող են խանգարել արդյունավետ աշխատանքին։ Հեռավար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և այն առավել հաճելի ու հարմարավետ դարձնելու համար Nissan ընկերությունը մշակել է  գրասենյակ-մեքենայի նախատիպ, որը հնարավորինս հարմարավետ կդարձնի յուրաքանչյուրի աշխատանքային օրը՝ թույլ տալով մարդկանց տեղափոխել գրասենյակն իրենց հետ և աշխատանքային օրն անցկացնել ցանկացած վայրում։

Մշակումը ստացել է Caravan NV350 Office Pod անվանումը։ Այն շարժական տների դիզայնից տարբերվում է նրանով, որ կահավորանքն ու հարմարություններն ամբողջությամբ գրասենյակային են: Նախ՝ մեքենան փոքր է, ոչ ավել, քան մինիվենը, երկրորդ՝ չունի մահճակալ, բաղնիք, խոհանոց կամ բնակելի տարածքի այլ հարմարություններ: Գրասենյակը հագեցած է Herman Miller Cosm թանկարժեք բազկաթոռով։ Պատուհաններին տեղադրված են ինքնակառավարվող շերտավարագույրներ, որոնք կարող են ապահովել գաղտնիությունը։ Հատակին կան փափուկ գորգեր, կողքին՝ ուլտրամանուշակագույն հակաբակտերիալ լամպ: Ինչպես երևում է կոնցեպտը ներկայացնող հոլովակում՝ գրասենյակային մասը կարող է դուրս գալ հետևի դռնից՝ դառնալով բացօթյա։ Իսկ հանգստի ժամերին հնարավոր կլինի հանգստանալ մեքենայի տանիքին, որտեղ առկա են հանգստի բոլոր պայմանները։