ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մեծ Բրիտանիան ներկայացրել է թռչող մեքենաների ու առաքիչ-դրոնների համար նախատեսված աշխարհում առաջին օդանավակայանի նախագիծը

Urban Air Port և Hyundai ընկերությունները Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից թույլատվություն են ստացել այստեղ կառուցելու թռչող մեքենաների, օդային տաքսիների և առաքիչ-դրոնների համար նախատեսված փոքր օդանավակայան, որն, ըստ էության, լինելու է աշխարհում առաջին նմանատիպ կառույցը։

Համաձայն Urban Air Port-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության, Air-One օդանավակայանը կառուցվելու է Քովենթրի քաղաքում, որը հայտնի է իր գործարանային արդյունաբերությամբ։ Այստեղ են գտնվում ժամացույցների, հեծանիվների, գլխարկների, կարի մեքենաների, գորգերի ու ժապավենների և այլ գործարաններ։

Urban Air Port-ի նախագծած օդանավակայանը նախապես պատրաստված կառույց է, որի բոլոր հիմնական մասերը տեղավորվում են մեկ ստանդարտ 12 մետրանոց ISO-կոնտեյների մեջ: Արդեն հավաքված վիճակում այն 60%-ով ավելի պակաս տեղ է զբաղեցնում, քան սովորական ուղղաթիռային կայանները։

Շինարարության ճշգրիտ ժամանակը դեռևս չի նշվում, բայց քանի որ Air One-ը պատրաստվում է դառնալ աշխարհում առաջին նմանատիպ կառույցը, նախագծողները ստիպված կլինեն շտապել: Նմանատիպ նախագծեր պատրաստվում են շատ երկրներում: