ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Վեց ուշագրավ տեխնոլոգիա CES-2021-ից

Լաս Վեգասում հունվար ամսին անցկացվող ամենամյա «Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսն» (International Consumer Electronics Show-CES) այս տարի անցկացվեց առցանց և նորագույն տեխնոլոգիաների սիրահարները ստիպված եղան այդ ամենին հետևել համացանցով։ Այս տարի ևս ներկայացված տեխնոլոգիաների մեջ քիչ չէին յուրօրինակ ու ուշագրավ նմուշները։ Առանձնացրել ենք CES-2021-ում ցուցադրված վեց նորագույն տեխնոլոգիա, որոնց մի մասը դեռևս մշակման փուլում է։

 «Առողջության զուգարանակոնք» ( Wellness Toilet)՝ TOTO ընկերության կողմից

TOTO-ն, որը զուգարակակոնքերի արտադրությամբ զբաղվող ճապոնական խոշորագույն ընկերություն է, CES-2021-ին ներկայացրել է զուգարակակոնքի նոր կոնցեպտ։ «Առողջության զուգարանակոնքը» նախատեսված է օգտագործողների կղանքը, դրա «հիմնական արդյունքները» վերլուծելու և ըստ այդմ՝ վերջինիս առողջական վիճակը գնահատելու համար:

Ուղեկցող հավելվածը թույլ կտա տեսնել ստացված արդյունքները և սննդակարգի բարելավման համար, որպես առաջարկ, տեղեկատվություն կներկայացնի։

Սպասվում է, որ «Առողջության զուգարանակոնք» շուկայում կհայտնվի մի քանի տարվա ընթացքում:

MOFLIN․ ընտանի կենդանի-ռոբոտ՝ Vanguard Industries-ից

Ճապոնական Vanguard Industries ընկերության ներկայացրած MOFLIN ռոբոտը ռոբոտաշինության ոլորտում արժանացել է «Լավագույն նորարարություն» մրցանակին։ ԱԲ-ով համալրված այս ռոբոտը, շնորհիվ իր ալգորիթմի, տիրոջ հետ փոխհարաբերությունների արդյունքում կարող է անընդմեջ սովորել և ձևավորել առանձին անհատականություն։

Փափուկ և տաք MOFLIN-ը նման է իսկական ընտանի կենդանու։ Այն ունի անլար լիցքավորման հնարավորություն։

Առողջության խելացի մարզիչ (Health Smart Trainer)` Samsung-ի կողմից

Samsung ընկերությունը Samsung 2021 հեռուստացույցերի համար նոր գործառույթ է մշակել։ Այն նախագծված է որպես անձնական մարզիչ հանդես գալու համար, որը մարզանքի ժամանակ կհետևի օգտագործողների շարժումներին և իրական ժամանակում կվերլուծի մարզումների կատարման ճիշտ կամ թերի լինելը։

Տեսանյութը և ինտերակտիվ ուսուցումն իրականացվում են ձայնային կառավարման միջոցով `օգտագործելով Bixby- ն՝ Samsung- ի խելացի օգնականը: Տրամադրվում է նաև հետադարձ կապ՝ օգտվողներին օգնելու համար որպեսզի բարելավվեն իրենց մարզումները:

Hazel․ նոր շնչադիմակներ՝ Razer ընկերությունից

Razer տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Hazel շնչադիմակները, որոնք բնութագրել է որպես՝ «աշխարհի ամենախելացի դիմակ ․․, որն անվտանգ է և դիմացկուն»: Այն ներառում է առանձնացվող օդափոխիչներ, որոնք կարելի է լիցքավորել։ Դիմակը թափանցիկ է, ինչը նշանակում է, որ այն կրողները կկարողանան ավելի հեշտությամբ շփվել շրջապատի մարդկանց հետ:

Բազմաֆունկցիոնալ շրթներկ՝ Perso ընկերությունից

Perso ընկերությունը ներկայացրել է ԱԲ-ով աշխատող յուրօրինակ շրթներկի խառնիչ, որը թույլ է տալիս ստանալ շրթներկի նոր անհատական երանգներ՝ ըստ օգտագործողի ցանկության։

Օգտատերը կարող է իր հանդերձանքի նկարը ներբեռնել ծրագիր, և դրա հիման վրա փորձարկել ու ստանալ շրթներկի նոր երանգներ։

Bot Handy-ն՝ Samsung ընկերությունից

CES-2021 ցուցահանդեսում Samsung-ը ներկայացրել է ևս մեկ գաղափար՝ Bot Handy ռոբոտը, որը կարող է ազատորեն տեղաշարժվել տանը և տիրոջն օգնել տնային գործերում։ Այն կարող է նույնիսկ լվանալ կեղտոտ ամանները և մեկ բաժակ գինի բերել իր տիրոջը:

Ռոբոտը համալրված է տեսախցիկներով և ունի մեկ թև։ Հայեցակարգն այժմ մշակման փուլում է։