ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիտնականները մշակել են դյուրակիր սենսոր, որը կարող է հետևել սթրեսի մակարդակին

Շվեյցարացի գիտնականները մշակել են սարք, որը, վերլուծելով քրտինքը, կարող է շուրջօրյա հետևել սթրեսի մակարդակին։
Սթրեսը արտաքին և ներքին ազդեցությունների (սթրեսորների) նկատմամբ օրգանիզմի ընդհանուր և առանձնահատուկ հարմարվողական ռեակցիա է (ինչպես նաև օրգանիզմի նյարդային համակարգի համապատասխան վիճակը), որը կարող է բացասաբար ազդել ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, և հատկապես եթե այն ստանում է քրոնիկ (շարունակական) կամ հյուծող բնույթ։
Որպես կանոն, սթրեսը առաջացնում է ընդհանուր լարվածության, գլխացավ անքնություն, իմունային համակարգի թուլացում, գերգրգռվածություն և այլն։ Բայց միշտ չէ, որ հնարավոր է հասկանալ՝ արդյո՞ք դիմացինդ սթրեսային վիճակում է, թե ոչ։ Շատ հաճախ դա նույնիսկ անհասկանալի է հենց սթրեսային վիճակում գտնվող անձի համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ բացասական հույզերին:
Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները (Շվեյցարիա) մշակել են էլեկտրոնային չիպ, որն ունակ է վերլուծել սթրեսի մակարդակը: Դա կօգնի ախտորոշել սթրեսը և հուզական այրման համախտանիշը (Occupational burnout) և ճիշտ ժամանակին արդյունավետ թերապիա նշանակել: Կարևոր է նաև, որ տեղեկատվությունը կփոխանցվի իրական ժամանակում:


Փոքր, դյուրակիր սենսորը տեղադրվում է պացիենտի մաշկի վրա և շարունակաբար չափում վերջինիս քրտինքում առկա կորտիզոլ հորմոնի կոնցենտրացիան, որն արտադրվում է մակերիկամների կողմից։
Կորտիզոլը մեր մարմնում իրականացնում է էական գործառույթներ․ կարգավորում է նյութափոխանակությունը, արյան մեջ շաքարի մակարդակը, արյան ճնշումը և այլն։
Հետազոտողները նշում են, որ իրենց զարգացումը էական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն սթրեսի/դեպրեսիայի հաղթահարման համար, այլ նաև այնպիսի հիվանդությունների կանխարգելման, ինչպիսիք են ճարպակալումը, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, սիրտ-անոթային մի շարք հիվանդություններ, ալերգիաները և այլն։
Սենսորի միջոցով հնարավոր կլինի օրվա ընթացքում շարունակաբար չափել կորտիզոլի մակարդակը և, ստեղծելով համապատասխան կոր ու գրաֆիկ, տեսնել, թե ինչպես են դրանք շեղվում նորմայից։ Կորտիզոլի նորմալ մակարդակը պետք է ավելի բարձր լինի առավոտյան, իսկ երեկոյան՝ նվազի: Մշտական ​​սթրեսը կարող է խաթարել այս ռիթմը:
Աշխատանքը հրապարակվել է Communications Materials ամսագրում։