ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Expanscape ընկերությունը ներկայացրել է 7 էկրան ունեցող նոթբուք

Չնայած համակարգիչների անընդհատ աճող հնարավորություններին` շատ մասնագիտությունների ներկայացուցիչների համար աշխատավայրում միայն մեկ մոնիտորով համակարգիչ ունենալն այլևս բավարար չէ։ Հաշվի առնելով այս պահանջարկը` բազմաթիվ արտադրողներ թողարկում են այնպիսի համակարգիչներ, որոնք ունեն երկու և նույնիսկ երեք մոնիտոր, բայց սա ամենևին սահմանը չէ․ բրիտանական Expanscape ընկերությունը հայտնել է յոթ մոնիտորով նոթբուքի՝ Aurora 7-ի մշակման մասին:

Aurora 7-ն ունի չորս հիմնական (17 դյույմ, 3840×2160) և երեք օժանդակ (7 դույմ, 1920×1200) մոնիտորներ։ Բոլոր մոնիտորները ծալվում կամ պտտվում են՝ դարձնելով այն հնարավորինս հարմարավետ օգտագործողի համար։ Նոթբուքի ընդհանուր քաշը մոտ 12 կգ է։

Aurora 7-ը համալրված է Intel Core i9-9900K պրոցեսորով և 64 ԳԲ DDR4-2666 հիշողությամբ և ունի երկու մարտկոց։ Առաջին՝ 82 Վտ/ժամ հզորությամբ մարտկոցը նախատեսված է համակարգի սնուցման համար, երկրորդը՝ 148 Վտ/ժամ հզորությամբ, նախատեսված է բացառապես մոնիտորների համար (պարամետրերի մասին առավել մանրամասն՝ այստեղ)։ Ըստ նախագծողների այս մարտկոցները լիովին բավարար են նոթբուքի՝ ամբողջական ծանրաբեռնվածությամբ մոտավորապես 2 ժամ և 20 րոպե աշխատանքի համար։

Նշենք, որ Expanscape-ի Aurora 7 նոթբուքն այժմ պարզապես նախատիպ է, որը հնարավոր կլինի ձեռք բերել միայն նախապես պատվիրելով և ամենևին չարժե հուսալ, որ յոթ մոնիտոր ունեցող նոթբուքը միջին գին կունենա: