ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Նոր տեսակի արհեստական եղջերաթաղանթի շնորհիվ 78-ամյա կույր տղամարդը կրկին կարողացել է տեսնել

Իսրայելական CorNeat Vision ընկերությունը հայտնել է նոր տեսակի արհեստական եղջերաթաղանթի հաջող փորձարկման մասին, որի շնորհիվ 78-ամյա կույր տղամարդը կրկին կարողացել է տեսնել: Այս տեխնոլոգիան էապես տարբերվում է նախորդներից նրանով, որ սա կարիք չունի դոնոր հյուսվածքի, ինչպես նաև՝ էլեկտրոնային և մեխանիկական բաղադրիչների:

CorNeat KPro արհեստական եղջերաթաղանթի ներդրման համար անհրաժեշտ է նվազագույն վիրահատական միջամտություն, որից մեկ շաբաթ անց այն ամբողջովին ձուլվում է աչքին՝ դառնալով մեկ ամբողջություն:

Վիրակապերը հեռացնելուց անմիջապես հետո 78-ամյա պացիենտը կարողացել է ճանաչել ընտանիքի անդամներին և կարդալ իր բժշկական թերթիկը: Ըստ բժիշկների՝ վիրահատությունը գերազանցել է իրենց բոլոր սպասելիքները։

Աշխարհի բազմաթիվ երկրներում եղջերաթաղանթի հիվանդությունները կուրության երկրորդ հիմնական պատճառն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, տարեկան շուրջ 2 միլիոն մարդու մոտ ախտորոշվում է կուրություն հենց այս պատճառով։ CorNeat KPro-ի հեղինակներն հույս ունեն, որ իրենց տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի բազմաթիվ մարդկանց տալ նորից տեսնելու հնարավորություն։