ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուրիշների կարծիքը հետք է թողնում մեր ուղեղում

Մեր ուղեղն ունակ է մտապահելու մեր և այլ մարդկանց կարծիքների անհամապատասխանությունը, որպեսզի հաջորդ անգամ, սոցիալական կոնֆլիկտներից խուսափելու համար, ըստ անհրաժեշտության, ազդակ ուղարկի՝ այն շտկելու համար։

Երբ մենք լսում ենք, որ մեր կարծիքը համընկնում է մեզ համար կարևոր մարդու կարծիքի հետ, երբ մենք և նա ընտրում ենք նույն բանը, մենք մեզ լավ ենք զգում: Այդ պահին մեր ուղեղում ակտիվանում են հաճույքի կենտրոնները, որոնք ազդում են մոտիվացիայի, ուսուցման և շատ այլ գործառույթների վրա: Հաճույքը, որը մենք զգում ենք, կարող է նաև դրդել որոշակի սոցիալական գործողությունների: Եվ հակառակը, եթե ​​հանկարծ հայտնաբերենք, որ մեր կարծիքը չի համընկնում մեզ համար կարևոր մեկի կարծիքի հետ, ապա մենք անհարմարություն և հոգեբանական լարվածություն ենք զգում, իսկ ուղեղում առաջանում են «սխալի» ազդանշաններ, որոնք մեզ դրդում են մեր կարծիքը հաշտեցնել այլ մարդու կարծիքի հետ:

Սովորաբար ուղեղի արձագանքը կարծիքների համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը  գրանցվում է հենց նույն պահին, և այլ հարց է՝ արդյո՞ք ուղեղում մնում է որևէ հետք կարծիքների ան/համապատասխանության հայտնաբերումից հետո։

Մոսկվայի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) հետազոտողները փորձերի արդյունքում, եկել են այն եզրակացության, որ նման հետքեր մնում են։

Հետազոտության ընթացքում մասնակիցներին ցույց էին տվել անծանոթ մարդկանց նկարներ, որպեսզի նկարին նայելով, մասնակիցը ասեր, թե որքանով է տվյալ մարդն իր մոտ վստահության զգացում առաջացնում։ Այնուհետև, բարձրաձայնում էին յուրաքանչյուր անծանոթի մասին այլ մասնակիցների կարծիքները, և կես ժամ անց յուրաքանչյուր մասնակից ևս մեկ անգամ առանձին գնահատում էր, թե որքանով են այդ անծանոթ մարդիկ իր մոտ վստահություն առաջացնում։ Երբեմն խմբի կարծիքը համընկնում էր մասնակցի կարծիքի հետ, երբեմն՝ ոչ։ Ըստ հետազոտության արդյունքների, երբ մասնակցի կարծիքը չէր համապատասխանում խմբի կարծիքին, երկրորդ հարցման ընթացքում նրանք փոխում էին իրենց կարծիքը։

Հետազոտության ընթացքում մասնակիցների գլխուղեղի աշխատանքին հետևում էին մագնիսային էնցեֆալոգրաֆիայի (Magnetoencephalography (MEG) միջոցով։ Պարզվել է, որ ուղեղը մտապահում է տարակարծությունները, և երբ իրավիճակը կրկնվում է, գլխուղեղի գագաթային կեղևում (parietal cortex) առաջանում է հատուկ ազդակ, որը «հիշեցնում» է, որ նախորդ անգամ այդտեղ անհամաձայնություն կար։ Այս ազդանշանը նախազգուշացնում է հնարավոր սոցիալական կոնֆլիկտների մասին, այնպես որ մարդն ունի ընտրելու հնարավորություն՝ համաձայնեցնե՞լ իր կարծիքը խմբին, թե՝ ոչ։ Ուղեղի նեյրոճկունությունը (neuroplasticity) թույլ է տալիս տեսնել իրավիճակը նաև այլ մարդկանց տեսակետից, և որևէ որոշում ընդունելիս հաշվի առնել նաև այլոց կարծիքը։

Սակայն չպետք է մոռանալ, որ մարդիկ, ինչպես և իրենց կարծիքները՝ բազմաթիվ են, իսկ բոլորի կարծիքին հարմարվելն անհնար է, և մենք ազատ ենք ընտրելու՝ ում կարծիքը կարևորել։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։