ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները կարողացել են հաղորդակցվել քնած մարդկանց հետ

Երազի և իրականության միջև գոյություն ունեցող սահմանը շատ ավելի բարակ է, քան մենք կարծում ենք։ Գիտնականների միջազգային խումբը անցկացրել է ընդգրկուն ուսումնասիրություն, ըստ որի հնարավոր է շփվել քնի մեջ գտնվող այն մարդկանց հետ, ովքեր երազ են տեսում։ Հաղորդվում է, որ փորձարկվողները քնած ժամանակ կարողացել են հարցերին պատասխանել՝ այո կամ ոչ, ինչպես նաև միմիկայի և աչքերի շարժումների միջոցով արձագանքել են մաթեմատիկական պարզագույն խնդիրներին։ Փորձերից հետո ոմանք ասել են, որ հարցերը լսում էին իրենց երազում:

Հետազոտությունը ղեկավարել է Հյուսիսարևմտյան համալսարանի (Էվանստոն, ԱՄՆ) ճանաչողական (կոգնիտիվ) նյարդաբան Քեն Փալլերը, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է քնի և հիշողության միջև գոյություն ունեցող կապը։

Այն, որ քնած ժամանակ մարդիկ կարող են խոսել՝ հայտնի փաստ է։ Սակայն Փալլերն ու իր թիմը, մեկ քայլ առաջ անցնելով, պնդում են, որ քնածի և արթուն մարդու միջև կարող է լինել երկկողմանի շփում, և արթնանալուց հետո մարդիկ կարող են հիշել, թե ինչ են խոսել քնած ժամանակ։ Ինչպես նշում են հեղինակները, նմանատիպ հետազոտություններ անց են կացվել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում․ գիտնականները որոշել են ստացված տվյալներն ընդհանուր հրապարակել։ Փալլերի փորձերի մեջ ներգրավված է եղել 36 կամավոր, որոնց մի մասն արդեն ուներ գիտակցված երազ (lucid dream) տեսնելու փորձ, իսկ մյուս մասին փորձում էին սովորեցնել գիտակզված երազի անցնելը հատուկ ձայնային ազդակի միջոցով։

            Փորձարկվողների գլխին, այտերին և աչքերի շուրջն ամրացված էլեկրոդների օգնությամբ հետազոտողները ֆիքսում էին արագ քնի փուլերը (rapid eye movement – REM), որոնց ժամանակ մարդիկ երազ են տեսնում։ Հետազոտողները հրահանգները փոխանցում էին ձայնի միջոցով, իսկ փորձարկվողները «պատասխանում էին» աչքերի շարժումների և միմիկայի միջոցով։ Օրինակ, վերջիններիս խնդրում էին ութից վեց հանել, և նրանք պատասխանում էին՝ երկու, աչքերը ձախից աջ երկու անգամ շարժելով։

Ընդհանուր առմամբ փորձի ընթացքում կամավորները քնել են 57 անգամ, որից 26%-ում աչքերի շարժումով կարողացել են ցույց տալ, որ գիտակցված երազի մեջ են։ Գիտակցված երազի մեջ գտնվող մասնակիցներին դիմել են 158 անգամ՝ հիմնականում նրանցից որևէ պատասխան արձագանք չեն ստացել (նման դեպքերը կազմում են մոտ 60%), մոտ 20%-ում ստացած պատասխանները սխալ էին կամ անհասկանալի, սակայն 18%-ում փորձարկվողների պատասխանները ճիշտ էին։

Արթնանալուն պես մասնակիցների մի մասը հիշում էր հնչած հարցերը, ոմանք կարողանում էին մտաբերել միայն առանձին բառեր, իսկ ոմանք էլ ոչինչ չէին հիշում։

            Քանի որ փորձարկվողների ընտրանքը փոքր էր, հետազոտության արդյունքներին պետք է զգուշությամբ մոտենալ, սակայն այն հանգամանքը, որ գիտնականների տարբեր խմբեր նմանատիպ արդյունքներ են գրանցել, վկայում է այն մասին, որ գիտակցված երազների այս տարատեսակը՝ ինտերակտիվ երազները (interactive dreaming), ուսումնասիրությունների լայն և խոստումնալից ոլորտ են բացում։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում։