ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրելու ոճի փոփոխությունը կարող է բացահայտել մարդու սոցիալական ինքնությունը

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրելու ոճի նույնիսկ փոքր փոփոխությունը կարող է խոսել մարդու խմբային (սոցիալական) ինքնության մասին:

Աշխատանքի արդյունքները հրապարակված են Behavior Research Methods ամսագրում: Մարդկանց մեծ մասը, նույնիսկ եթե իրենք էլ տեղյակ չեն այդ մասին, պատկանում են ինչ-որ սոցիալական խմբի կամ նույնիսկ՝ մի քանիսի: Դրանցից յուրաքանչյուրը ենթադրում է որոշակի ինքնություն. օրինակ՝ երիտասարդ ծնողներ, ուսանողներ, կուսակցության ներկայացուցիչներ, բժիշկներ կամ արհմիության անդամներ և այլն: Որևէ խմբին պատկանելը ազդում է մեր մտքերի, հույզերի, վարքի վրա։ Այն ազդում է նաև մեր աշխարհայացքի ձևավորման և փոփոխության վրա։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների, սոցիալական որևէ խմբին պատկանելը, կարող է արտացոլվել գրելու ոճի փոփոխության մեջ: Մեթոդի ճշգրտությունը, ըստ հեղինակների, կազմում է մոտ 70 տոկոս:

Հետազոտությունն իրականացվել է երկու սոցիալական խմբերի մասնակցությամբ` ծնողների և ֆեմինիստների: Ընտրված մասնակիցներից յուրաքանչյուրը և՛ առաջին, և՛ երկրորդ սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են եղել, ուստի հետազոտողները հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու, թե ինչպես է փոխվում նրանց գրելու ոճը՝ նշված սոցիալական խմբերից յուրաքանչյուրի հետ հաղորդակցվելիս (տվյալները վերցվել են Mumsnet UK ֆորումից)։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 620,866 հաղորդագրություն, որոնք գրվել են 19,745 տարբեր մարդկանց կողմից:

Պարզվել է, որ մարդիկ փոխում են իրենց հաղորդագրությունների ոճը կախված նրանից, թե որ խմբում են գրում` լսարանի վրա որոշակի տպավորություն թողնելու համար։

Գիտնականները նշել են, որ շարունակելու ուսումնասիրել այս թեման՝ հասկանալու համար, թե որքանով ենք մենք կարողանում վերահսկել սոցիալական մեկ ինքնությունից մյուսին անցումը։ Օրինակ, ուսանողների համար, ամենայն հավանականությամբ, ավելի հեշտ կլինի ակադեմիական ոճով նամակներ գրել, երբ գրադարանում են, այլ ոչ թե, օրինակ, սրճարանում:

Հիշեցնենք, որ նախկինում բազմաթիվ փորձեր են արվել ապացուցելու համար, որ ձեռագիրը շատ բան կարող է պատմել մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության/հիվանդությունների  մասին։

Reference 1, Reference 2