ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանական մարտկոց կամ լիցքավորում ինքդ քեզանից

Ամբողջ օրը ճանապարհին եք և բջջային հեռախոսը լիցքավորելու ոչ մի եղանակ չկա: Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել, իսկ մարտկոցը լիցքաթափված է: Բոլորս գոնե մեկ անգամ հայտնվել ենք նման իրավիճակում: Կյանքն ավելի հեշտ կդառնա, եթե կարողանանք մեր մարմնի ջերմությունը հեշտությամբ վերափոխել էլեկտրաէներգիայի՝ օգտագործելով այն, օրինակ, լիցքավորիչի փոխարեն:

«Մատրիցա» ֆիլմի (ռեժ․՝ Էնդի Վաչովսկի և Լանա Վաչովսկի, 1999թ․) առաջին մասում կարող եք տեսնել այս գաղափարի իրականացման անսովոր տարբերակը․ համակարգչային հսկա ցանցը սնուցվում է մարդկանց ջերմության և էներգիայի միջոցով: Իհարկե, ինչ վերաբերում է ժամանակակից գիտությանն ու տեխնոլոգիային՝ զարմանալու ոչինչ չկա, որ մի օր սա  էլ կարող է իրականություն դառնալ, բայց, միաժամանակ, չկա անհանգստանալու կարիք: Ֆիլմը լավն է, սակայն մարդը, որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, բավականին սահմանափակ է: Օրինակ, չափահաս տղամարդը տեսականորեն առաջացնում է 100-ից 120Վտ էներգիա: Սա կարող է բավարար լինել էլեկտրական որոշ​ սարքեր սնուցելու համար։ Նութբուքին անհրաժեշտ է մոտ 45Վտ, մինչդեռ բջջային հեռախոսին անհրաժեշտ է ընդամենը 1Վտ: Էներգիայի կարճ պոռթկումների ժամանակ, օրինակ՝ արագավազքի, մարդն ի վիճակի է «մատակարարել» 2000Վտ:

Ներկայիս գիտա-տեխնիկական զարգացումը թույլ է տալիս երկու տասնամյակ առաջ ամբողջովին ֆանտաստիկ թվացող գաղափարներն իրականություն դարձնել։ Մարդու մարմինը դառնում է կենսաբանական մարտկոց:

Վերջերս Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ներկայացրեցին փոքր, շարժական և բավականին մատչելի սարք, որը մարդու մարմնի ջերմությունը կարող է վերածել էլեկտրական էներգիայի:

Lego-ի ոճով նախագծված ջերմաէլեկտրական գեներատորը (TEG) կարող է առաջացնել մոտ 1Վտ հզորությամբ էլեկտրաէներգիա՝ մաշկի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար։ Սա բավական է լիցքավորելու համար, օրինակ, ֆիթնես ժամացույցը:

TEG-ը կարելի է կրել օրը 24 ժամ, այն ապահովում է կայուն հոսանք՝ առանց լրացուցիչ լիցքավորման: Սարքն առաձգական է, հեշտությամբ ձգվում է։ Այն կարելի է կրել որպես մատանի, ապարանջան կամ այլ աքսեսուար, որը շփվում է մարդու մաշկի հետ: Կոտրվելու դեպքում կարելի է հեշտությամբ վերականգնել՝ մի քանի վայրկյան վնասված եզրերը իրար սեղմելով: Հավելյալ բլոկներ ավելացնել դեպքում հնարավոր է մեծացնել սարքի հզորությունը:

Մեկ այլ հետաքրքիր զարգացում է Մալագայի համալսարանի (Իսպանիա) գիտնականների մշակած վերնաշապիկը  որը նույնպես մարդու մարմինի ջերմաստիճանը վերածում է էլեկտրաէներգիայի։ Սա, ըստ էության, մինի գեներատոր է՝ թելիկների և մանրաթելերի տեսքով:

Իսկ Շվեդիայում այս գաղափարն իրականություն է դարձել առավել մեծ մասշտաբով: Ստոկհոլմի կենտրոնական կայարանում մարդկանց շնչառության և շարժի հաշվին տաքացնում են շենքը։ Այս կայարանն օրական սպասարկում է շուրջ 250,000-300,000 մարդու։