ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց միջավայրում մկներն ավելի խելացի են դառնում

Որքան երկար են մկներն ապրում մարդու կողքին, այնքան ավելի լավ են լուծում ոչ ստանդարտ խնդիրները և ավելի լավ է զարգանում դրանց ինքնատիրապետումը

Կենդանիների համար մարդը շրջակա միջավայրի տարր է և շատ խնդրահարույց տարր: Կենդանիները, որոնք երկար ժամանակ ապրում են մարդկանց միջավայրում, ստիպված են լինում հարմարվել վերջիններիս վարքին։ Ըստ այդմ, մարդկանց կողքին ապրող կենդանիներն իրենց մյուս ցեղակիցների նկատմամբ ստանում են «էվոլյուցիոն առավելություն»՝ դառնալով ավելի խելացի։

Հայտնի փաստ է, որ որոշ կրծողների և չղջիկների մոտ, որոնք դարեր շարունակ ապրել են մարդկանց կողքին, ուղեղն աստիճանաբար մեծացել է: Մաքս Պլանկի անվան էվոլյուցիոն կենսաբանության ինստիտուտի (Գերմանիա) գիտնականների կողմից վերջերս անցկացրած հետազոտության արդյունքները փաստում են, որ սովորական մկների պարագայում մարդկանց միջավայրում ապրելը նպաստում է ավելի խելացի դառնալուն։

Փորձերն իրականացվել են սովորական տնային մկների վրա, որոնք անհիշելի ժամանակներից ապրել են մարդկանց հետ: Այնուամենայնիվ, այստեղ պետք է նշել, որ տարբեր երկրներում ու մայրցամաքներում, մկների և մարդկանց համատեղ կյանքը սկսվել է տարբեր ժամանակներում: Օրինակ՝ Հնդկաստանի մկներն ավելի երկար են ապրում մարդկանց միջավայրում, քան Միացյալ Նահանգներում ապրող մկները: Ուստի հետազոտողները փորձերի համար ընտրել են երեք տարբեր շրջաններից վերցված մկներ։

Մկները պետք է անցնեին մի քանի թեստ: Օրինակ՝ պետք է հասկանային, թե ինչպես կարելի է ստանալ դժվար հասանելի վայրում գտնվող ուտելիքը։ Մեկ այլ դեպքում, նրանք պետք է ցույց տային, որ ի վիճակի են դադարեցնել իրենց կամքով արվող գործողությունը։ Օրինակ, եթե մուկը հացահատիկ է կրծում, իսկ այդ ընթացքում ինչ որ մեկը (մարդ) մտնում է սենյակ, ապա վերջինիս համար ավելի խելամիտ կլինի ընդատել իր ճաշը, և դա այնպես անել, որ չնկատվի։ Բայց յուրաքանչյուր մուկ չի կարող անել այդ ամենն ու առավել ևս՝ ընդհատել իր ճաշը, ինչն ակնհայտ էր փորձերի ընթացքում: Ըստ էության, այն մկները, որոնք մարդու հետ ապրել են մոտ 3000 տարի, բոլոր իմաստներով պակաս խելացի են, քան այն մկները, որոնք մարդու հետ ապրել են շուրջ 11,000 տարի:

Մկները, որոնք երկար ժամանակ ապրել են մարդկանց կողքին, ավելի լավ էին լուծում ոչ ստանդարտ խնդիրները, ավելի հեշտ էին կողմնորոշվում բարդ իրավիճակում հայտնվելիս և ավելի լավ ինքնատիրապետում ունեին։

Այնուամենայնիվ, ապրելով մարդկանց հարևանությամբ՝ ոչ բոլոր կենդանիներն են խելացի դառնում։ Մի մասի մոտ, օրինակ, նույնիսկ ուղեղը փոքրանում է: Հավանաբար, այստեղ հարցն այն է, որ որոշ կենդանիների համար ավելի հեշտ է ապրել մարդու կողքին, պատճառներից մեկ այն է, որ նման պայմաններում կենդանիները հեշտությամբ են սնունդ հայթայթում։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում։