ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վայրի կենդանիները մարդկանց փրկում են սովից

Նոր ուսումնասիրության համաձայն, վայրի կենդանիների մսի առևտրի համատարած արգելքը կարող է ռիսկեր առաջացնել ինչպես բնության, այնպես էլ մարդու առողջության համար

COVID-19-ը, որը սկսեց տարածվել չինական մթերային շուկայից, անհրաժեշտ է դարձնում ականջալուր լինել կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների կոչերին, ըստ որոնց պետք է արգելել վայրի կենդանիների մսի վաճառքը։ ԱՊՀ երկրների մեծ մասում (Հայաստանում՝ առավել ևս) շատ քիչ են այն շուկաները, որտեղից յուրաքանչյուր պահի հնարավոր է գնել եղնիկի կամ նապաստակի միս: Այնուամենայնիվ, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի երկրներում, Չինաստանում բազմաթիվ են այն շուկաները, որտեղ վաճառվում է գրեթե ամեն ինչ, այդ թվում ՝ օձեր ու չղջիկներ։ Խնդիրը ոչ միայն նոր վարակների վտանգն է, որոնք կարող են վայրի կենդանիներից անցնել մեզ, այլ նաև այն փաստը, որ որսը և ձկնորսությունը հարվածում են կենսաբազմազանությանը։ Վայրի տեսակների քանակը նվազում է, խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը, և ամբողջ էկոհամակարգը դրվում է վտանգի տակ։

Սակայն, Current Biology գիտական ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում (Investigating the risks of removing wild meat from global food systems) Լիդսի համալսարանի հետազոտողները Բրազիլիայի, Կոնգոյի, Չինաստանի հետազոտական ​​կենտրոնների իրենց գործընկերների հետ հարցին մոտենում են այլ տեսանկյունից. վայրի կենդանիների մսի ամբողջական արգելքը (լայն իմաստով) աղետալի կլինի ինչպես մարդկանց, այնպես էլ կենսաբազմազանության համար։ Հետազոտողները 83 երկրների օրինակով գնահատել են, թե ինչպես կփոխվի դրանց բնակչության սննդակարգը, եթե փակվեն «վայրի մսի» շուկաները: Պարզվել է, որ մարդիկ պարզապես կսկսեն ավելի քիչ սպիտակուցներ ստանալ և նրանք կամ պետք է կիսաքաղց մնան կամ այս երկրներում ստիպված կլինեն արագորեն խթանել գյուղատնտեսությունը: Սակայն այստեղ ևս մեկ «բայց» է առկա․ եթե խոսքը ժամանակակից տեխնոլոգիաներով ու նորագույն մեթոդներով զարգացած գյուղատնտեսության մասին չէ, ապա «դասական գյուղատնտեսության» համար անհրաժեշտ են այնպիսի տարածքներ, որոնք կրկին վերցվելու են բնական էկոհամակարգերից՝ կենսաբազմազանության համար բոլոր բացասական հետևանքներով:

Լատինական Ամերիկայի, Արևադարձային Աֆրիկայի երկրները և, որքան էլ տարօրինակ է, նաև ԱՄՆ-ն են այն երկրների շարքում, ովքեր առավելապես կզգան «վայրի մսի» վաճառքի արգելքը: Օրինակ, ԱՄՆ-ում և Նիգերիայում անասնապահության համար անհրաժեշտ է գտնել լրացուցիչ 10 հազար կմ2 տարածք, Բրազիլիայում, Կոլումբիայում, Եթովպիայում, Էկվադորում, Բոլիվիայում և Վենեսուելայում` 5-ից 10 հազար կմ2: Բազմաթիվ այլ երկրներ տարբեր եղանակներով կզգան արգելքի բացասական հետևանքներն ու սպիտակուցի պակասը, իսկ ամենավատը կլինի աֆրիկյան երկրների համար, ինչպիսիք են Զիմբաբվեն, Ռուանդան, Կոնգոյի Հանրապետությունը, Կոտ դ՛Իվուարը:

Պարզ ասած, աշխարհում ապրող միլիարդավոր մարդկանցից շատերի համար վայրի կենդանիների միսը ոչ թե շքեղություն է, այլ՝ անհրաժեշտություն: Իհարկե, կան շատ վայրեր, որտեղ նման առևտուրը ոչ մի կերպ արդարացված չէ, և հենց այստեղ էլ պետք է արգելվի: Բայց սա միայն նշանակում է, որ «վայրի մսի» առևտրի արգելքը պետք է արդարացվի ոչ թե վերացական էկոլոգիական իդեալով, այլ՝ սոցիալական և տնտեսական կոնկրետ պայմաններով: Միգուցե ապագայում մարդկությունն ընդհանրապես հանգիստ թողնի վայրի կենդանիներին և դադարի դրանց նայել որպես որսի առարկա։ Բայց նախ պետք է սպասել հաջորդ կանաչ հեղափոխությանը, որն էլ ավելի կբարելավի մեր գյուղատնտեսությունը՝ դարձնելով այն առավել արդյունավետ և էկոլոգիապես մաքուր: