ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիբրիդային ռոբոտը լսում է մորեխի ականջի միջոցով

Թել Ավիվի համալսարանի (Իսրայել) գիտնականները ներկայացրել են հիբրիդային ռոբոտ՝ բնական լսողության համակարգով։ Earbod անվամբ ռոբոտի մեջ ներդրել են մորեխի ականջ, որը հնարավորություն է տալիս վերջինիս ընկալել ձայնային ազդանշանները և ըստ դրանց շարժվել:

Միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում միջատների մոտ մշակվել են պարզ, բայց զգայուն ընկալիչներ, որոնք փոքր են, թեթև, էներգախնայող, բազմազան միջավայրերի հարմարված և գերազանցում են շատ տեխնածին արհեստական ​​ընկալիչներին (սենսորներին):

Հիբրիդային ռոբոտի մեջ ներդրված մորեխի ականջը գործում է որպես էլէկտրական խոսափող: Գիտնականները փնտրում էին էլեկտրական խոսափողի այլընտրանք, և երբ բացահայտեցին, թե ինչի է ընդունակ միջատի ականջը, փորձարկեցին այն հատուկ չիպի օգնությամբ։

Նրանք զգուշությամբ առանձնացրել էին մորեխի ականջը և իր նյարդի հետ միասին տեղադրել ջրային միջավայրում։ Դա արվել էր ձայնի և օդի շրջանառության բարելավման համար։ Այնուհետև պատրաստել էին հատուկ էլէկտրոդների ցանց։ Արդյունքում ստացել էին միկրոհեղուկային (microfluidic) չիպ, որը և կցվել էր հիբրիդային ռոբոտին։

Երբ մորեխի ականջը ձայն է լսում, ռոբոտը այդ ձայնային ազդանշանները վերածում է համապատասխան էլեկտրական ազդակի, որոնք փոխանցվում են էլեկտրոֆիզիոլոգիական չափման համակարգ՝  EMS (electrophysiological measuring system) և կառավարման ու ազդանշանների մշակման համակարգ՝  CSPS (the controller and signal processing system)։ Էլէկտրական ազդակը առաջացնում է շարժվելու, գործելու իմպուլս։ Օրինակ՝ երբ ռոբոտը երկու ծափ է լսում, հետ է շարժվում։

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Բեն Մ․ Մաոզը նշում է, որ առաջիկայում նրանք պատրաստվում են համեմատել իրենց ռոբոտի լսողական հնարավորությունները այլ տեխնոլոգիաների հիման վրա աշխատող սարքավորումների հետ, ինչպես նաև հետագա հետազոտություններում նախատեսվում է ուսումնասիրել այլ զգայական համակարգերի ներկառուցումը հիբրիդային ռոբոտների մեջ: