ԲՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում մենք դեն ենք նետում մոտ 3 միլիոն շնչադիմակ

Բժշկական դիմակները՝ որպես բնապահպանական նոր աղետի պատճառ

Կորոնավիրուսի համաճարակի և կարանտինի առաջին ամիսներին հրապարակվեցին որոշ հոդվածներ, որոնց հեղինակներն զգուշացնում էին, որ մոտ ապագայում բժշկական դիմակներն ու ձեռնոցները լուրջ վնաս կարող են հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին: Այդ ժամանակ դժվար էր հավատալ դիմակների և ձեռնոցների՝ բնության համար աղետալի հետևանքների կանխատեսմանը, բայց այժմ դրանցով լցված են յուրաքանչյուր քաղաքի և նույնիսկ փոքր բնակավայրերի բոլոր աղբամանները և ոչ միայն:

Ըստ Հարավային Դանիայի և Փրինսթոնի (ԱՄՆ) համալսարանների գիտնականների վերջին ուսումնասիրության, ամբողջ աշխարհում մեկ ամսում սպառվում է 129 միլիարդ  շնչադիմակ, այսինքն՝ յուրաքանչյուր մեկ րոպեում դեն է նետվում 3 միլիոնը։ Դրանց մեծ մասը պլաստիկ միկրոթելերից պատրաստված միանգամյա օգտագործման դիմակներ են, որոնք ի վերջո դառնում են դժվար քայքայվող պոտենցիալ թունավոր նյութեր շրջակա միջավայրի ու մարդու առողջության համար (օրինակ՝ Բիսֆենոլ Ա)։

Միանգամյա օգտագործման շնչադիմակների արտադրության տեմպը կարելի է համեմատել պլաստիկ շշերի արտադրության հետ, որը միջին հաշվով գնահատվում է ամսական շուրջ 43 միլիարդ։ Սակայն ի տարբերություն պլաստիկ շշերի, որոնց մոտ 25%-ը վերամշակվում է, բժշկական դիմակների վերամշակման վերաբերյալ համակարգային լուծումներ չկան և ինչպես նշում են հետազոտողները, այս դիմակները աղբավայրեր են հեռացվում որպես կոշտ թափոններ։

Գիտնականները կարծում են, որ եթե բժշկական դիմակները հատուկ կերպով չոչնչացվեն/չվերամշակվեն, ժամանակի ընթացքում դրանք կդառնան մեր մոլորակի աղտոտման պատճառներից ևս մեկը։

Ի՞նչ կարող ենք անել

Հեղինակներն առաջարկում են խնդրի լուծման հետևյալ տարբերակները.

ա) Միայն դիմակների համար նախատեսված աղբարկղերի տեղադրում։

բ) Դիմակների թափոնների կառավարման ուղեցույցների պատրաստում, որոնք կսովորեցնեն մարդկանց՝ ինչպես վարվել թափոնների հետ։

գ) Միանգամյա օգտագործման դիմակների փոխարինում բազմակի օգտագործման դիմակներով։

դ) Կենսաքայքայվող դիմակների մշակում։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Frontiers of Environment Science & Engineering գիտական ​​ամսագրում: