ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց արյան մեջ հայտնաբերել են 55 նոր քիմիական նյութեր

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հղի կանանց արյան մեջ հայտնաբերել են 109 տարբեր քիմիական նյութեր, որոնցից 55-ը նախկինում չի հանդիպել մարդկանց մոտ։ Ընդ որում, դրանցից 42-ի ծագման և գործածության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։
Ամենայն հավանականությամբ, քիմիական միացությունները օրգանիզմ են ներթափանցել սպառողական ապրանքատեսակներից կամ արդյունաբերական այլ աղբյուրներից։ Դժբախտաբար, այդ նյութերը առկա էին նաև նորածինների արյան մեջ, ինչը ենթադրում է, որ դրանք կարող են անցնել ընկերքի միջով և սերնդեսերունդ փոխանցվել։
Կան նաև ենթադրություններ, որ այդ քիմիական նյութերը տևական ժամանակ է, ինչ առկա են մարդկանց արյան մեջ, սակայն դրանք «տեսնելու» հնարավորությունը գիտնականներին նոր է ընձեռվել։ Արյան մեջ մարդածին քիմիական նյութերը բացահայտելու համար օգտագործվել է բարձր զգայունությամբ մասս-սպեկտրաչափության մեթոդը (high-resolution mass spectrometry (HRMS):
Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հայտնաբերված քիմիական նյութերի վնասակարության և/կամ թունավորության աստիճանը որոշելու համար անհրաժեշտ է այդ նյութերը համեմատել քիմիական տարբեր միացություններ արտադրող արդյունաբերության խոշոր ընկերությունների ստանդարտ նմուշների հետ, սակայն ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ հանրայնացնելու իրենց «գաղտնի բանաձևերը»։
Հայտնաբերված 109 նյութերը հանդիպում են տարբեր ոլորտների արտադրանքի մեջ։ Օրինակ, դրանցից 40-ը օգտագործվում է որպես պլաստիֆիկատորներ՝ նյութեր, որոնք պոլիմերներին ավելացնելիս մեծացնում են նրանց պլաստիկությունը և առաձգականությունը, 28-ը օգտագործվում է կոսմետիկ միջոցներում, 29-ը՝ դեղագործության մեջ, 23-ը՝ որպես թունաքիմիկատ, 3-ը՝ նյութերի հրակայունության համար իսկ 7-ը միացություններ են, որոնք օգտագործվում են գորգերի, կահույքի և այլ մակերևույթների մեջ, ևս 25-ը՝ մտնում են այլ տարբեր սպառողական ապրանքների կազմի մեջ։ Գիտնականները նշում են, որ տվյալ քիմիական նյութերի գործածության ոլորտը, նշվածներից բացի, կարող է նաև այլ լինել։
Հետազոտության հեղինակ Թրեյսի Ջ․ Վուդրաֆը (Tracey J. Woodruff, PhD, a professor of obstetrics, gynecology and reproductive sciences at UCSF) նշում է, որ իրենց շատ է անհանգստացնում այն փաստը, որ իրենք չեն կարողանում որոշել նման քանակությամբ քիմիական նյութերի ծագման աղբյուրը կամ կիրառման ոլորտը։ Նա նաև ավելացրեց, որ բնապահպանական կազմակերպությունները պետք է ավելի պահանջկոտ լինեն քիմիական արդյունաբերության հանդեպ՝ պահանջելով դրանց կողմից օգտագործվող քիմիական նյութերի վերաբերյալ ամբողջական հաշվետվությունները, որպեսզի մենք՝ բոլորս, բավարար տեղեկություն ունենալով, կարողանանք ժամանակին գնահատել առողջության համար հավանական ռիսկերը և շուկայից հանել վտանգավոր քիմիական նյութերը:
Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում։