ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Չինաստանը զգալիորեն ընդլայնում է եղանակի կառավարման իր փորձարարական նախագծերը

Փորձագետները մտավախություն ունեն, որ եղանակը վերահսկելու իր կարողությունը Չինաստանը կարող է օգտագործել որպես զենք
Չինաստանը հայտարարել է իր՝ եղանակի կառավարման փորձարարական նախագծերը զգալիորեն ընդլայնելու ծրագրերի մասին: Ենթադրվում է, որ այս նախագիծը հնարավոր կդարձնի ձյան կամ անձրևի տեղումներ առաջացնել ավելի քան 5,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքում, որը 1,5 անգամ ավելին մեծ է Հնդկաստանի տարածքից: Ըստ նախագծի, հնարավոր կլինի նաև շուրջ 580,000 քառակուսի կմ տարածքում կանխել կարկուտը։
Ակնկալվում է մինչ 2025 թվականը ստեղծել «եղանակի փոփոխման զարգացած համակարգ», որը օգտակար կլինի բնական աղետների, անտառային և տափաստանային տարածքներում հրդեհների դեմ պայքարում, ինչպես նաև կխթանի գյուղատնտեսական արդյունաբերությանը և կօգնի պայքարել բարձր ջերմաստիճանի կամ երաշտի դեմ:
Թեև այլ երկրներ ևս, այդ թվում՝ ԱՄՆ-ը, նույնպես ներդրումներ են կատարում եղանակի կառավարման տեխնոլոգիաների մեջ, այնուամենայնիվ Չինաստանի գործունեությունն այս ոլորտում, ինչպես նշում են փորձագետները, տագնապալի է, հատկապես հարևան Հնդկաստանի համար:

Պատճառներից մեկն այն է, որ Հնդկաստանի գյուղատնտեսության համար չափազանց կարևոր նշանակություն ունեն մուսսոնները (սեզոնային կայուն քամիներ), որոնք, Չինաստանի կողմից կլիմայի արհեստական փոփոխության հետևանքով, կարող են խախտվել։
Արդեն նկատելի է, որ Հնդկաստանի ու Չինաստանի հարաբերությունները բարյացակամ չեն, ինչի մասին ակնհայտորեն վկայում է նախորդ տարվա սահմանային հակամարտությունը: Հնդկաստանն այլևս մտավախություն ունի, որ եղանակի կառավարումը Չինաստանին մեծ առավելություն կտա լեռնային պատերազմում, որտեղ զորքերը տեղափոխելու կարողությունը մեծապես կախված է եղանակային պայմաններից:
Որոշ երկրների փորձագետներ նախազգուշացնում են, որ եղանակը վերահսկելու իր կարողությունը Չինաստանը կարող է օգտագործել որպես զենք: Օրինակ՝ Թայվանի ազգային համալսարանի գիտնականները, նախորդ տարի հրապարակած իրենց հոդվածում նշել էին, որ «եղանակի կառավարման պատշաճ համաձայնեցման բացակայությունը կարող է հարուցել հարևան շրջաններից «անձրև գողանալու» մեղադրանք»:


Բացի այդ, որոշ փորձագետներ ենթադրում են, որ եղանակի փոփոխման հարցում Չինաստանի հաջողությունը կհանգեցնի ավելի հավակնոտ աշխարհաշինական նախագծերի, որոնք կարող են ունենալ լուրջ անցանկալի հետևանքներ: