ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արհեստական բանականության մարտահրավերները նոր դարաշրջանում

Դեռևս աննկատ, բայց կյանքի է կոչվում նոր դարաշրջան․ 5G կապի շնորհիվ Արհեստական ​​բանականությունն ընդլայնում է իր կիրառելիությունը։ Այս դարաշրջանը բնութագրվելու է խելացի հարմարություններով ու ծառայություններով, ինչպիսիք են ինքնակառավարվող մեքենաները, խելացի անօդաչու սարքերը, խելացի առողջապահությունը և այլն: Սրանք կտարածվեն ու մեծ թափով կմտնեն գործածության մեջ՝ որպես հետևանք տեխնոլոգիական հեղափոխության։

Սակայն, աշխարհը ալգորիթմներին հանձնելուց առաջ և դրան զուգահեռ պետք հաշվի առնել նաև անվտանգության խնդիրներն ու հնարավոր սպառնալիքները։

Հարավային Կորեայի Ինչոնի ազգային համալսարանի պրոֆեսոր Հյունբում Քիմի ղեկավարած թիմը IEEE Network ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ անդրադարձել է այդպիսի մի խնդրի՝ կապված իրենց կողմից մշակված հույզերի ճանաչման համակարգի՝ 5G-I-VEmoSYS-ի հետ։

Այս համակարգը, օգտագործելով անլար ազդանշաններ, կարող է ճանաչել մարդու զգացմունքներն ու հայտնաբերել մտադրությունները՝ ուսումնասիրելով դեմքը և մարմնի շարժումները։

Նման զարգացումը տեսականորեն անհրաժեշտ է, որպեսզի ագրեսիվ հույզերը նախապես ճանաչվեն՝ կանխելով ահաբեկչությունները խիտ բնակեցված քաղաքներում: Ինչպես նաև, ոչ ադեկվատ վարորդների հետ հնարավոր խնդիրներից խուսափելու, երեխաներին հնարավոր սպառնալիքներից զերծ պահելու համար և այլն։ Այս համակարգն ի վիճակի է ճանաչել հույզերի 5 տեսակ՝ ուրախություն, հաճույք, հանգստություն, տխրություն և զայրույթ:

5G-I-VEmoSYS համակարգը պետք է բացահայտի «բացասական, թշնամական» հույզերը և համապատասխան ազդանշան ուղարկի ոստիկանական բաժին՝ կանխելու համար ակնկալվող հանցագործությունը։

Այս ամենը մեզ կարող է հիշեցնել ապոկալիպտիկ ֆիլմերի սյուժե, օրինակ RoboCop-ի (1987) Minority Report-ի (2002), որտեղ անվտանգության ռոբոտացված համակարգերը հաճախ, սխալվելով, թիրախավորում էին սխալ մարդու։ Իսկ կա արդյո՞ք երաշխիք, որ 20 տարի առաջ ամբողջովին ֆանտաստիկա համարվող այս ֆիլմերի սցենարը չի կրկնի իրական կյանքում։ Իզուր չէ, որ անցյալ տարվա նոյեմբերին նույնիսկ Հռոմի պապը Ֆրանցիսկոսը կաթոլիկներին կոչ արեց աղոթել, որպեսզի արհեստական ​​բանականությունը չընդվզի մարդկության դեմ:

Վերջում կարող ենք հիշել նաև Իլոն Մասկի խոսքերը, ով նախորդ տարվա վերջին իր հարցազրույցում նախազգուշացրեց, որ առաջիկա հինգ տարիներին արհեստական ​​բանականությունը կգերազանցի մարդկային մտածողության հնարավորությունները: Նախկինում կարծում էին, որ այս պահը կգա միայն 2045 թվականին, բայց գերհամակարգիչների ու արհեստական բանականության զարգացումը ապագան ավելի ու ավելի է մոտեցնում։

Այս թեմայով առավել մանրամասն՝ այստեղ։