ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Չինաստանն արգելում է Tesla մեքենաների օգտագործումը ռազմական օբյեկտների մոտակայքում

Չինաստանի Զինված ուժերի հրամանատարությունը արգելք է դրել երկրի ռազմական օբյեկտների տարածքում Tesla էլեկտրական մեքենաների օգտագործման վրա` վախենալով, որ դրանք կարող են գաղտնի տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալ։  Ըստ The Wall Street Journal-ի, այս արգելքը կարող է տարածվել նաև Չինաստանի զինվորականության և կարևոր նշանակություն ունեցող ընկերությունների աշխատակիցների վրա, որոնց կարգելվի վարել Tesla։

Գաղտնիք չէ, որ Tesla-ն հագեցած է բազմաթիվ տեսախցիկներով, որոնք տեսանկարահանում են ոչ միայն մեքենայի դիմացի կամ հետևի տեսադաշտը, այլ նաև կարող են գրանցել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեքենայի մոտակայքում։ Բացի այդ, մեքենայի նոր մոդելները (Y և Model 3) հագեցած են այնպիսի տեխնոլոգիայով, որոնք տեսականորեն կարող են պարզել ռազմական օբյեկտի գտնվելու վայրը և նույնիսկ արձանագրել զորքերի տեղաշարժը:

Tesla-ն դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը, սակայն, ինչպես նշում է Reuters լրատվական գործակալությունը, ընկերության ղեկավարությունը երաշխավորում է գաղտնիության քաղաքականության լիարժեք համապատասխանությունը չինական օրենքներին։

Ըստ ամենայնի, Չինաստանը չի հավատում ամերիկացիների անկեղծությանը, և դրա համար հիմքեր կան՝ ԱՄՆ իշխանությունների կողմից չինական էլեկտրոնային հսկա Huawei-ի և մի շարք այլ ընկերությունների դեմ իրականացվող պատժամիջոցները։ Ըստ The Wall Street Journal-ի նույն հոդվածի, Tesla-ի կողմից ռազմական օբյեկտների մոտ հայտնվելը արգելելու պատմությունը մի տեսակ վրեժ է ԱՄՆ-ի կողմից մտցված պատժամիջոցների համար։

Նշենք նաև, որ Չինաստանը Tesla-ի համար բավականին լուրջ շուկա է․ միայն 2020 թվականին Tesla-ն այստեղ վաճառել 147,445 մեքենա՝ ընդհանուր մատակարարումների շուրջ 30%-ը։