ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապագայի սնունդը ստեղծված կլինի այլընտրանքային սպիտակուցներից

Մինչև 2035 թվականը այլընտրանքային սպիտակուցների արտադրանքը կզբաղեցնի աշխարհում սպիտակուցների ընդհանուր շուկայի 11%-ը, և այդպիսի փոխարինիչների օգտագործմամբ հնարավոր կլինի պատրաստել յուրաքանչյուր տասը ավանդական, ծանոթ ուտեստներից ինը, որոնք կլինեն ավելի էժան իսկ համը՝ գրեթե նույնը։ Այսպիսի եզրահանգման են եկել BCG-ի և Blue Horizon Corporation (BHC) մասնագետները՝ իրենց համատեղ ուսումնասիրության մեջ։

 «Ընդհանուր առմամբ, մինչև 2035 թվականը աշխարհի ամենահայտնի կերակուրների 95%-ը կարող է պատրաստվել այլընտրանքային մթերքների օգտագործմամբ», – կարդում ենք ուսումնասիրության մեջ: Այդ ժամանակի դրությամբ այլընտրանքային սպիտակուցներից պատրաստված մսի, ձվի, կաթնամթերքի և ծովամթերքի շուկան կարող է հասնել առնվազն 290 միլիարդ դոլարի, ինչը բնամթերքի տեսքով կկազմի 97 միլիոն տոննա (այսօր` 13 միլիոն տոննա)։  Հիմնական ռիսկերին բախվում ենք կարգավորման հարցում՝ անհրաժեշտ է պետական մակարդակով վերահսկել տվյալ ոլորտը, որովհետև հակառակ դեպքում անասնապահության ոլորտին հատկացվող սուբսիդիաները կարող են դանդաղեցնել ներդրումների հոսքը:

Կարևոր է նաև, որ այլընտրանքային սնունդը գրավիչ լինի սպառողի համար, իսկ համի ու գնի առումով չզիջի ավանդական արտադրանքին։ Մասնագետների կարծիքով՝ մինչև 2023 թվականը կաթնամթերքի և համբուրգերների բուսական այլընտրանքները, ինչպես նաև սոյայից, ոլոռից և այլ սպիտակուցներից կազմված ձվի այլընտրանքները համի և գնի առումով կհավասարվեն իրենց ավանդական «սկզբնաղբյուրներին»։ Իսկ սնկերից, խմորասնկերից և միաբջիջ ջրիմուռներից ստացված այլընտրանքային սպիտակուցները նման հավասարության կհասնեն 2025 թվականին։ Հավանական է, որ արդեն 2032 թվականին համի ու գնի առումով հավասարության հասնեն անմիջապես կենդանական բջիջներից աճեցված սպիտակուցները։

Իհարկե, այս ամենի մեջ կարևորագույն նշանակությունն ունի այն, թե ինչպիսի շոշափելի դրական ազդեցություն է թողնում այլընտրանքային սպիտակուցների արտադրությունը շրջակա միջավայրի վրա։ Մասնագետների գնահատմամբ, մինչև 2035 թվականը բուսական մսամթերքին և ձվին անցնելը կխնայի ավելի քան մեկ գիգատոն ածխաթթու գազ ՝ CO2, ինչը համարժեք է Ճապոնիայի կողմից մի տարվա ընթացքում ածխածնի արտանետումներին, կամ Լոնդոնին 40 տարվա համար անհրաժեշտ ջրի մատակարարման ծավալին։

Ինչպես նաև այս ոլորտը հիանալի հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար: «Այլընտրանքային սպիտակուցների ասպարեզը բաց է, իսկ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում: Ներդրողները իսկապես հնարավորություն ունեն վաղ փուլերում գործին միանալու և ապագայի սննդամթերքի ոլորտի անբաժանելի մասը դառնալու», – ասում է BHC-ի գործադիր տնօրե Բյորն Վիթեն (Bjorn Witte):