ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Յուրաքանչյուր 4,5 րոպե հաճախականությամբ սմարթֆոնները տվյալներ են ուղարկում իրենց արտադրող ընկերություններին

Իռլանդացի գիտնականների ուսումնասիրությունը սմարթֆոնների գաղտնիության վերաբերյալ նոր մտահոգություններ է առաջացրել: Ըստ դրա, Android և iPhone սմարթֆոնները, միջին հաշվով, յուրաքանչյուր 4,5 րոպե հաճախականությամբ տվյալներ են ուղարկում արտադրող ընկերություններին: Ընդ որում, տվյալներն ուղարկվում են նույնիսկ այն դեպքում, երբ սմարթֆոնները չեն օգտագործվում։ Ըստ հետազոտողների, Apple-ի և Google-ի միջև տարբերությունը շատ փոքր է, երբ խոսքը վերաբերում է որոշակի տվյալների հավաքագրմանը։

Այնուամենայնիվ, ուսումնասիրության մեջ նշում է, որ Google սարքերը զգալիորեն ավելի շատ տվյալներ են ուղարկում իրենց ընկերությանը, քանը Apple-ը։ Միջին հաշվով, Google Pixel հեռախոսներից յուրաքանչյուր 12 ժամը մեկ ուղարկվում է 1 ՄԲ ծավալով տեղեկատվություն, մինչդեռ iPhone-ներից ուղարկված տվյալները չեն գերազանցում 52ԿԲ-ը:

Ուղարկվող տվյալները հիմնականում վերաբերում են SIM քարտի անջատում-միացումին, կամ հեռախոսի վերաբերյալ տվյալներին, ինչպիսիք են՝ սարքի սերիական համարը, ծրագրային ապահովումը, IMEI-ն ( International Mobile Equipment Identity),  MAC հասցեն (media access control address) և հեռախոսահամարը։

Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Դուգ Լեյթը նշում է, որ իր կարծիքով, տվյալների հավաքագրումը պետք է արդարացված լինի որոշ ծառայությունների մատուցման տեսակետից, ինչպես օրինակ iCloud-ի կամ Google Drive-ի։ Սակայն, երբ հեռախոսն օգտագործվում է պարզապես զանգեր կատարելու համար, ապա դժվար է հասկանալ, թե ինչու է պետք  Apple-ին և Google-ին տվյալներ հավաքել։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում են ահռելի քանակությամբ տվյալներ հավաքել, և օգտատերերը չեն կարող հրաժարվել այդ տվյալների հավաքագրումից։

Բացի այդ սարքերը տեղեկություն են ուղարկում ոչ միայն իրենց գործունեության վերաբերյալ, այլև մոտ տարածքում գտնվող այլ հեռախոսների տվյալները։ Երբ օգտատերը միանում է Wi-Fi ցանցին, այդ ցանցին միացած այլ սարքերի MAC հասցենները նույնպես ուղարկվում են Apple, ինչը նշանակում է, որ Apple-ը, ամենայն հավանականությամբ, կարող է որոշել, թե որ ցանցին եք դուք միացել՝ ձեր տան, սրճարանի կամ գրասենյակային ցանցին, և ո՞ր մարդկանց կողքին եք։

Apple-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Իսկ Google-ի ներկայացուցիչը նշել է, որ բջջային հեռախոսների նման աշխատանքը թույլ է տալիս հետևել, որպեսզի iOS-ի կամ Android-ի ծրագրային ապահովումը թարմացված լինի, ծառայություններն աշխատեն ինչպես հարկն է, և հեռախոսն, ընդհանուր առմամբ, անվտանգ և արդյունավետ լինի։