Ամբողջ աշխարհում բազմաթիվ խոշոր ընկերություններ փորձեր են կատարում անօդաչու թռչող սարքերի միջոցով ապրանքների առաքման ոլորտում: Այս անգամ նման փորձարարական նախագիծ է մեկնարկել էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող հարավկորեական հսկան՝ Samsung ընկերությունը։ Առաքման սխեման չի փոխվել. գնորդը վճարում է պատվերի համար, խանութը այն փոխանցում է առաքման ծառայությանը և պատվերը գնորդին է հասնում առաքիչ-դրոնի միջոցով։ Նախագիծը կյանքի է կոչվելու դրոնների արտադրությամբ զբողվող Manna Drone Delivery ընկերության համագործակցության արդյունքում։
Առաջին փուլում նախագիծը կմեկնարկի Իռլանդիայի Օրանմոր քաղաքում։ Ըստ Samsung-ի ներկայացուցիչների, կարճ ժամանակ անց այս ծառայությունը հասանելի կդառնա նաև Իռլանդիայի ամբողջ տարածքում։
Սկզբնական շրջանում այս տարբերակով հնարավոր կլինի պատվիրել միայն Samsung-ի վերջին սերնդի հեռախոսները և սմարթ ժամացույցները։ Գնորդները պետք է պատվերները գրանցեն Samsung-ի իռլանդական առցանց խանութում։
Հատուկ այս նախագծի համար նախատեսված դրոնները, որոնք թռչում են 50-ից 80 մետր բարձրության վրա՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ, կառավարման կենտրոնից դուրս գալուց հետո՝ երեք րոպեի ընթացքում պատվերը կհասցնեն գնորդին։
Ճիշտ է, դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարելի է նման ծառայություն իրականացնել խիտ բնակեցված, բազմաթիվ շենքերով ու այլ խոչընդոտներ ունեցող քաղաքներում, այնուամենայնիվ նախագծի հեղինակները վստահորեն նշել են, որ դրոնով առաքումը ոչ մի կերպ չի ազդելու սմարթֆոնների գնի վրա:
Նշենք նաև, որ Manna Drone Delivery ընկերությունը զուգահեռաբար համագործակցում է այլ ընկերությունների հետ Իռլանդիայում տեսանելի ապագայում դրոնների միջոցով տաք սնունդ, գրքեր և դեղորայք (նախնական 700 ապրանքատեսակ) առաքելու ուղղությամբ։ Առաջնային նպատակը՝ ապահովել, որ առաքման ժամանակը չգերազանցի պատվերը գրանցելու պահից մեկ ժամը:
Կարդացեք նաև՝ Մինչև 2026 թվականը կիրառության մեջ կմտնի ավելի քան մեկ միլիոն առաքիչ դրոն։