ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները ստեղծել են արհեստական բջիջ, որն ունակ է վերարտադրվել

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է աճեցնել արհեստական ​​բջիջ, որն ունակ է բաժանվել՝ կազմելով նույն տեսակի այլ բջիջներ։
Օրգանիզմը մշակվել է 2016 թվականին Քրեյգ Վենթերի գենոմիկայի հետազոտությունների ինստիտուտի (Կալիֆոռնիա) գիտնականների կողմից ստեղծված պարզագույն սինթետիկ բջիջի հիման վրա, որն ուներ 473 գեն, սակայն տրոհվելուց առաջացնում էր տարբեր ձևերի և չափերի դուստր բջիջներ։
2010 թվականին Քրեյգ Վենթերի ինստիտուտի գիտնականները միկոպլազմա բակտերիաների հիման վրա ստեղծել էին սինթետիկ գենոմով առաջին բջիջը։ Այս օրգանիզմների ամբողջ ԴՆԹ-ն փոխարինվել էր սինթեզված ԴՆԹ-ով։ Ստացված բջիջը ստացել էր JCVI-syn1.0 անվանումը: Այդ ժամանակվանից սկսած, հետազոտողներն աշխատել են հնարավորինս փոքրացնել գենոմի չափերը։
Արդյունքում ստեղծվեց JCVI-syn3.0-ը, որը սակայն ուներ բաժանման խնդիր: Գիտնականներն այժմ ավելացրել են 19 գեն, ներառյալ յոթ գեն, որոնք անհրաժեշտ են բնականոն վերարտադրության համար:
Կենսաբանները, գեներ ավելացնելու և հանելու միջոցով, տասնյակ տարբերակներ են մշակել և դիտարկել, թե ինչպես են գենետիկ փոփոխություններն ազդում բջիջների աճի ու բաժանման վրա: Ստեղծելով սինթետիկ բջիջների կենսագործունեության համար նպաստավոր պայմաններ, վերջիններս նաև լուսային մանրադիտակի միջոցով լուսանկարել են այն։
Այնուամենայնիվ, գիտնականներն այժմ տեղյակ են բջիջների բնականոն բաժանման համար օրգանիզմիկ ավելացված յոթ գեներից միայն երկուսի դերին: Ապագայում մասնագետները նախատեսում են ուսումնասիրել մյուս գեների գործառույթները։
Գիտական ​​աշխատանքը նկարագրված է Cell ամսագրում հրապարակված հոդվածում: