ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գենային թերապիան ճանապարհ է բացում կորցրած ատամների վերականգնման համար

Վերջին տասնամյակների գիտատեխնոլոգիական զարգացումների համատեքստում տարօրինակ կլիներ, եթե գիտնականները չմտածեին հնարավորություն տալ մարդկանց նոր ատամ աճեցնել։

Այս հարցում մեկ քայլ առաջ են անցել Կիոտոյի և Ֆուկուիի համալսարանների (Ճապոնիա) գիտնականները։ Նրանց հաջողվել է գենային թերապիայի միջոցով կրծողների մոտ կորցրած ատամների փոխարեն նոր ատամներ աճեցնել։ Սա հնարավոր դարձավ իրականացնել  հատուկ գեների վրա մոնոկլոնալ հակամարմինների անմիջական ազդեցությամբ, ինչի արդյունքում ատամների աճի բնական մեխանիզմը նոր ուղղությամբ է վերափոխվում: Մկների վրա անցկացրած փորձերը ցույց են տվել տվյալ մեթոդիկայի մեծ ներուժը:

Ճապոնացի գիտնականների հետազոտության հիմնական առարկան դարձել են ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի (BMP- bone morphogenetic proteins) և Wnt ազդանշանային ուղու (Wnt signaling pathway) մոլեկուլները, որոնք կարգավորում են տարբեր հյուսվածքների և օրգանների աճը մարմնի զարգացման սկզբնական փուլում: Սպիտակուցների գործածության շրջանակը բավականին լայն է, ուստի գիտնականները հետզհետե զատեցին ավելորդները մինչև չհանդիպեցին USAG-1 գենին, որը մեծահասակների մոտ խոչընդոտում է ատամների աճին: Ըստ գիտնականների վարկածի, USAG-1- ի արգելափակումը պետք է թույլ տա վերագործարկել մեխանիզմը և ստիպի մարմնին ստեղծել նոր ատամներ՝ կորցրածների փոխարեն:

 Recovery of tooth formation in double KO mice with congenital tooth agenesis and supernumerary teeth.

Հիմնական դժվարությունը կայանում էր USAG-1-ի և ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի միջև փոխազդեցության վրա կետային միջամտության եղանակի որոնման մեջ, քանի որ սպիտակուցի ամբողջական արգելափակում փորձամկների մոտ կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ շեղումների պատճառ դարձավ: Սակայն գիտնականներին հաջողվեց գտնել հակամարմինների այնպիսի չափաբաժին, որն առաջացնում է մեկ ատամի բացակայության մասին ազդանշան, ինչը և խթանում է այդ ատամի աճի մեխանիզմը՝ առանց մարմնի մնացած մասերի վրա ազդելու:

Շուտով կիրականացվեն փորձեր նաև խոզերի ու շների վրա, և եթե դրանք հաջող լինեն, ապա հերթը մարդկանց էլ կհասնի: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։