ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

AirDNA տեխնոլոգիան թույլ կտա նույնականացնել օդի մեջ առկա ԴՆԹ-ն

Լոնդոնի  Մարիա թագուհու համալսարանի (Queen Mary University) մոլեկուլային էկոլոգ Էլիզաբեթ Քլարը հրապարակել է օդի մեջ ԴՆԹ-ի հայտնաբերման նոր տեխնոլոգիայի փորձարկման արդյունքները: ԴՆԹ-ի մակրոմոլեկուլը բավականին մեծ է, որպեսզի որոշակի պայմաններում, արտազատվելով  օրգանիզմից, մաշկի մասնիկների, հեղուկների և այլ փոքր մասնիկների հետ միասին տարածվի օդով: Գիտնականները պարզել են, թե ինչպես հայտնաբերել այն, որպեսզի հնարավոր լինի վերլուծություն կատարելով հասկանալ, թե ում է պատկանում:

Հետազոտողների տրամադրության տակ առկա էր հեղուկի մեջ ԴՆԹ-ն հայտնաբերելու համար ստեղծված ֆիլտրը, որը և վերաձևավորեցին օդի հետ աշխատելու համար՝ ավելացնելով հզոր պոմպ` մեծ քանակությամբ գազի մղման համար: Հենց այստեղ էլ թաքնված էր հիմնական դժվարությունը. ԴՆԹ-ի մոլեկուլների կոնցենտրացիան օդում հաճախ այնքան աննշան էր, որ ֆիլտրը պարզապես չէր արձագանքում դրանց: Անհրաժեշտություն էր առաջանում դրա միջով ահռելի քանակությամբ գազ  անցկացնել, որպեսզի ինչ-որ բան ի հայտ գար:

Այնուամենայնիվ, պատկերը կտրուկ փոխվում է, եթե վերլուծում ենք այնպիսի սահմանափակ տարածքի օդը, որտեղ որևէ կենդանի արարած շատ հաճախ է լինում: Իրենց փորձի ընթացքում բրիտանացի գիտնականները կառուցեցին արհեստական ​​բների համակարգ, որում բնակեցրին մերկ հողափորերին, թույլ տվեցին դրանց ընտելանալ միջավայրի պայմաններին, ինչից հետո գիտնականները սկսեցին լաբիրինթոսի տարբեր հատվածներից վերցնել օդի նմուշներ:

Գործնականում այս տեխնոլոգիան կարող է շատ օգտակար լինել, քանի որ թույլ է տալիս պարզապես ուսումնասիրելով անհայտ բնի մուտքի օդը, հասկանալ, թե ով է այնտեղ ապրում՝ առանց ավելորդ ռիսկի և ժամանակի կորստի:

Ապագայում չի բացառվում, որ տեխնոլոգիան հարմարեցնեն նաև մարդկանց որոնմանը՝ մետրոյում, շենքերի ներսում և այլն:

Ավելին՝ այստեղ։