ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Neuralink-ի համահիմնադիրն առաջարկում է ստեղծել «Յուրայի դարաշրջանի բնայգու» իրական տարբերակը

Neuralink ընկերության համահիմնադիր Մաքս Հոդակը ապրիլի 4-ին Twitter-ի իր էջում հայտնել է, որ իրենք ունեն այնպիսի տեխնոլոգիա, որը հնարավոր կդարձնի կառուցել «Jurassic Park»-ի իրական տարբերակը․ «Ցանկության դեպքում մենք հավանաբար կարող ենք կառուցել Jurassic Park»,- գրել է Հոդակը։  Ովքեր չգիտեն՝ ինչ է Jurassic Park-ը նրանց այս միտքը ոչինչ չի ասի, իսկ իրականում գաղափարը ֆանտաստիկ է և հեղափոխական։

Այսպես, «Յուրայի դարաշրջանի բնայգին» կենդանի դինոզավրերով բնակեցված վայր է։ Հասկացողությունը շրջանառության մեջ է դրվել 1990 թվականից՝ ամերիկացի հեղինակ Մայքլ Քրայթոնի համանուն ֆանտաստիկ վեպի հրատարակումից հետո։

Միլիոնատեր գիտնական Ջոն Հեմոնդը Կոստա Ռիկայի ափից ոչ հեռու կղզի էր գնում՝ այնտեղ «կենսաբանական այգի» կառուցելու համար, որտեղ նա պատրաստվում է բնակեցնել կենդանի դինոզավրերով։ Հնէաբան Ալան Գրանտը և իր օգնական Էլլի Սեթլերը հրավեր են ստանում այցելել այգի և գնահատել աշխատանքի արդյունքները։ Գիտնականները մեկնում են կղզի, որտեղ բախվում են կենդանի դինոզավրերի հետ։ Ինչպես և յուրաքանչյուր ֆանտաստիկ ֆիլմում՝ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ 1993 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը գրքի հիման վրա նկարահանում է «Յուրայի դարաշրջանի բնայգին» ֆիլմը, չորս տարի անց այս թեմայով նկարահանվում է հաջորդ ֆիլմը և այն վերածվում է ֆիլմաշարի։ Շարքի վերջին՝ «Յուրայի դարաշրջանի աշխարհը․ ուժ» ֆիլմի շնորհանդեսը նախատեսված է 2022 թվականին։

Ֆանտաստիկ է հնչում բայց՝ այո, Մաքս Հոդակը պնդում է, որ «Յուրայի դարաշրջանի բնայգին» կարող է իրականություն դառնալ։ Ըստ նրա, եթե ​​ժամանակակից գիտությունը չի կարող հարություն տալ հնագույն կենդանիներին, ապա դրանք պետք է փոխարինվեն անալոգներով, իսկ ավելի կոնկրետ՝ գենային ինժեներիայի և սելեկցիայի միջոցով պետք է ստեղծվեն նոր, «կատարելագործված» դինոզավրեր:

Այնուամենայնիվ, նոր դինոզավրեր ստեղծելու դրվագը Մաքս Հոդակի մեծ գաղափարի միայն մի մասն է։ Այն առևտրային նախագիծ է, որը նպատակ ունի միջոցներ ձեռք բերել, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ընդլայնել մոլորակի կենսաբազմազանությունը։ «Կենսաբազմազանությունը միանշանակ արժեքավոր է, դրա պահպանությունը՝ կարևոր և իմաստալից։ Բայց ինչո՞ւ ենք մենք այդտեղ կանգ առնում, ինչո՞ւ մենք փորձ չենք անում ստեղծել նոր տեսակների բազմազանություն»,- գրել է Հոդակը։

Այնուամենայնիվ, կենսաբազմազանության մեջ նոր տեսակ ավելացնելը, թեկուզև խնամքով ընտրված, կարող է բացասական ազդեցություն ունենալ, ընդհուպ՝ դուրս գալ վերահսկողությունից։ «Յուրայի դարաշրջանի բնայգին» այս իրավիճակը ներկայացնում է լավագույնս․ այգու ստեղծողները հպարտանում էին իրենց «գյուտով», սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ զարգացավ, քան նախատեսված էր։