ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարի գալուստ մղձավանջ․ MIT-ի գիտնականները մշակել են պսիխոպատ (մտախտավոր) ԱԲ

Նորմանն ալգորիթմ է, որը մշակվել է լուսանկարներ ու այլ պատկերներ ճանաչելու և մեկնաբանելու համար: Բայց սա արհեստական ​​բանականության սովորական օրինակ չէ: Նորմանն ամեն ինչի մեջ սարսափ է տեսնում:

ԱԲ-ի ստանդարտ ալգորիթմները, պատասխանելով այն հարցին, թե ինչ են տեսնում պատկերում, սովորաբար այն մեկնաբանում են դրական տեսանկյունից։ Օրինակ՝ ծառի վրա նստած գեղեցիկ թռչունների երամ: Նորմանը, ուսումնասիրելով նույն պատկերը, տեսնում է հոսանքահարվող մարդու։

Այս հոգեբանական ալգորիթմը ստեղծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողների թիմի կողմից: Նրանք փորձել են հասկանալ, թե ինչպես են համացանցում առկա լուսանկարներն ու պատկերները ազդում ԱԲ-ի կողմից աշխարհի ընկալման վրա:

MIT-ի մասնագետները Նորմանին ստեղծել են՝ ոգեշնչվելով Ռոբերտ Բլոխի հայտնի «Փսիխո» վեպի (Psycho, 1959թ․) և Ալֆրեդ Հիչքոքի նույնանուն թրիլերի (1960թ․) հերոսից՝ անձի երկատմամբ տառապող Նորման Բեյթսից։ Բացի այդ, ծրագրին ցուցադրվել են Reddit-ում տեղադրված ծանր պայմաններում մահացող մարդկանց լուսանկարները:

Բարեբախտաբար, նյարդային ցանցի միակ գործառույթը Ռոշարխի թեստը վերլուծելն է (հայտնի է նաև Ռոշարխի թանաքաբծեր անվամբ)։ Հոգեբանները մի քանի տասնամյակ օգտագործում են այս թեստ՝ հասկանալու համար, մարդու հոգեկան վիճակը և, թե որքանով է նա դրական կամ բացասական է վերաբերվում իրեն շրջապատող աշխարհին:

Միևնույն ժամանակ, ԱԲ-ի մեկ այլ ալգորիթմ ուսուցանվեց դրական (ստանդարտ) լուսանկարներից ու պատկերներից, որը Ռոշարխի թանաքաբծեր ոչ մի սարսափելի բան չտեսավ։ Ի տարբերություն դրա, Նորմանն անընդհատ սարսափ էր տեսնում՝ դիակներ, արյուն և ավերածություններ Ռոշարխի թեստի նույնիսկ յուրաքանչյուր բծի մեջ: Ստանդարտ տվյալների բազայի վրա ուսուցանված նեյրոնային ցանցը բծերից մեկում, օրինակ, տեսել է «ծաղկաման», այնինչ Նորմանը՝ «գնդակահարված մարդ»։

«Այն փաստը, որ Նորմանը միայն սարսափ է տեսնում, ցույց է տալիս մեքենայական ուսուցման հիմնարար խնդիրներից մեկը,- ասում է MIT-ի պրոֆեսոր Իյադ Ռահվան, մուտքային տվյալների բազմությունն ավելի կարևոր է, քան հենց ալգորիթմը։ Արհեստական ​​բանականության ուսուցման համար օգտագործվող տեղեկատվության ընտրությունն արտացոլվում է այն բանում, թե ինչպես է այդ ալգորիթմը ընկալում շրջապատող աշխարհը և ինչ եզրակացությունների է հանգում»:

Նորմանի հետ կապված փորձը ցույց է տալիս, որ եթե արհեստական ​​բանականության ալգորիթմը հիմնված է վատ ընտրված նախնական տեղեկատվության վրա, ապա դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։