ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Արդյո՞ք ռոբոտներն ունակ են փոխադարձ էմպաթիայի․ հրապարակվել են նոր ուսումնասիրության արդյունքները

Մարդիկ հաճախ նորագույն տեխնոլոգիաներին և հատկապես ռոբոտներին վերաբերվում են որպես կենդանի էակների: Իսկ արդյո՞ք մեքենաներն ունակ են փոխադարձ էմպաթիայի՝ հատկապես անսպասելի իրավիճակներում: Էմպաթիան ընդունակություն է՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցվելու նրա հետ։

2018 թվականին Բերկլիի համալսարանում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Kiwibot ռոբոտներից մեկն այրվեց: Համալսարանականները մարեցին կրակը, որից հետո հրդեհի վայրում ժամանակավոր հուշարձան տեղադրեցին՝ ի պատիվ «մահացած» ռոբոտի: Kiwibot ռոբոտի դեպքը միակը չէ, երբ մարդիկ տեխնոլոգիայի նկատմամբ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերել, ինչպես կցուցաբերեին կենդանի էակի նկատմամբ։ Օրինակ, մարտի ժամանակ ոչնչացված Boomer ռոբոտի համար ԱՄՆ զինված ուժերում իրականացրել են պաշտոնական հուղարկավորության ծես։

Մարդու համար այս արձագանքը նորմալ է: Անսպասելի իրավիճակում նա ի վիճակի է կարեկցանք ցուցաբերել դիմացինի նկատմամբ, իրեն դնել ուրիշի տեղում և արագ օգնության հասնել: Բայց ի՞նչ կլինի, եթե տեղի ունենա հակառակը իրավիճակը․ մարդն իրեն վատ է զգացել, ընկել կամ վիրավորվել է: Ռոբոտները կարո՞ղ են, այժմ կամ միգուցե ապագայում, կարեկցանք դրսևորել վերջինիս նկատմամբ։

Իհարկե, գոյություն ունեն, այսպես կոչված, սոցիալական ռոբոտներ, որոնք հատուկ ստեղծվել են մարդկանց հետ աշխատելու համար: Դրանք հսկում են հիվանդներին, հերթապահում են ընդունարանում, սնունդ են առաքում և այլն: Որոշները նույնիսկ կարող են շփվել մարդկանց հետ։

Hanson Robotics-ի ստեղծած ռոբոտը՝ Sofia-ն, ամենահայտնի սոցիալական ռոբոտներից մեկն է: Այն օգտագործում է տեսախցիկների տվյալները՝ մարդկանց հույզերը կարդալու համար: ԱԲ-ն մշակում է այս տեղեկատվությունը և այն համատեղում զրուցակցից ստացված բանավոր տվյալների հետ: Սա թույլ է տալիս Սոֆիային կազմել պատասխաններ, որոնք ներառում են դեմքի արտահայտություններ և ժեստեր: Թվում է, որ դա հենց կարեկցանքի դրսևորում է ռոբոտների կողմից: Բայց խնդիրն այն է, որ անհնար է տարբերակել ԱԲ-ի կողմից տրված պատասխանը կարեկցանք է, թե՞ ուղղակի մեքենայական պատասխան։

Կոլումբիայի համալսարանի գիտնականները ռոբոտների մեջ էմպաթիայի հնարավոր առկայության վերաբերյալ ուսումնասիրություն են անցկացրել։

Փորձի ընթացքում սարքերից մեկը ծրագրավորվել էր այնպես, որ հնարավորություն ունենա շարժվելու սահմանափակ տարածքում` կանաչ շրջանակների ուղղությամբ: Պարբերաբար, շրջանակները ծածկվում էին կարմիր տուփով՝ որպեսզի ռոբոտը չկարողանա տեսնել դրանք:

Երկրորդ ռոբոտն այս ամենին հատևում էր վերևից և միշտ տեսնում էր կանաչ շրջանակները: Երկու ժամ դիտելուց հետո այս ռոբոտը կարողացավ կանխատեսել առաջին ռոբոտի շարժման ուղղությունը՝ 100-ից 98-ի դեպքում: Այլ կերպ ասած, նա սովորեց հասկանալ՝ արդյո՞ք առաջին ռոբոտը կանաչ օղակները տեսնում է, թե՞ ոչ և կարո՞ղ է հասնել դրանց:

Ըստ գիտնականների, այս փորձն ապացուցում է, որ ռոբոտները կարող են աշխարհը տեսնել այլ ռոբոտների տեսանկյունից, որն արդեն կարեկցանքի պարզունակ ձև է:

Բայց քանի որ ռոբոտների մեջ կարեկցանքի հավանականության ուղղակի վկայություն դեռ չկա, եզրակացություններն արվում են բացառապես տեսողական դիտարկումների հիման վրա:

Դա նման է փոքր երեխաների մոտ կարեկցանք սովորելուն: Մինչև որոշակի փուլ անհնար է պարզել՝ երեխայի կողմից օգնություն ցուցաբերելը կարեկցանքի դրսևորո՞ւմ է, թե՞ ուղղակի ռեֆլեքսով թելադրված գործողությունների պատահական շարք: Ռոբոտների պարագայում առկա է նույն խնդիրը:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Scientific Reports ամսագրում։

Բացի այդ, հոդվածում գիտնականները բարձրացնում են մարդու անվտանգության հարցը: Մի կողմից, հեռավոր (կամ, միգուցե, ոչ այնքան) ապագայում գերզգայական ԱԲ-ն առանց էմպաթիայի այնքան էլ գրավիչ հեռանկար չէ, մյուս կողմից, այս ունակությունը ռոբոտներին կդարձնի ոչ միայն ավելի սոցիալականացված, այլև մարդկանց համար առավել վտանգավոր:

Ի վերջո, եթե մեքենաները սովորում են կանխատեսել մարդկանց մտքերն ու գործողությունները, մեծ հավանականություն կա, որ դրանք կկարողանան վերահսկել մեզ: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրության հեղինակներն ավելի շատ վախենում են ռոբոտների մեջ էմպաթիայի հնարավոր ներկայությունից, քան դրա բացակայությունից: