ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ատոմակայան՝ անիվների վրա․ԽՍՀՄ-ի եզակի զարգացումը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ քաղաքացիները խանդավառությամբ սկսեցին վերակառուցել երկիրը: Գիտական ​​բոլոր նվաճումները ողջունվում էին ժամանակի իշխանությունների կողմից, և հեղինակները գնահատվում էին ըստ արժանվույն։ Պետության վարած քաղաքականությունը գիտնականների համար պարարտ հող ստեղծեց ազատորեն ստեղծագործելու և նոր տեխնոլոգիաների մշակման փորձեր անելու համար։

Այս շրջանի ամենամեծ ու ամենատարօրինակ զարգացումներից մեկը դարձավ Памир-630Д շարժական ատոմակայանը: Սա անենևին գեղարվեստական ​ֆիլմի սյուժե ​կամ ֆանտազիա չէ, համակարգն իսկապես կառուցվել է և նախատեսվում էր այն գործարկել Հեռավոր Հյուսիսում (Крайний Север)՝ ծայրաստիճան ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Անիվներով ատոմակայան ստեղծելու գաղափարը ծագեց 1950 թվականի սկզբին՝ ԽՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորի գործարկումից չորս տարի անց: Սակայն այդ ժամանակ գիտնականները բախվեցին որոշակի դժվարությունների, որոնք հնարավոր չէր հաղթահարել ժամանակի տեխնոլոգիական ոչ բավարար զարգացումների պատճառով։

Համակարգն այնքան ծանր էր ստացվել, որ այն տեղափոխելու համար համապատասխան տեխնիկա չի գտնվել։ Տարիների ընթացքում, տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ, իրավիճակը փոխվեց և համակարգ վրա աշխատանքը շարունակվեց 1976-ից մինչև 1985 թվականը: 1985-ին Բելառուսիայի Գիտությունների ակադեմիայի Ատոմային էներգիայի ինստիտուտում ստեղծվեց անիվների վրա գտնվող աշխարհում առաջին ատոմակայանը:

Ատոմակայանն արտաքուստ իրենից ներկայացնում էր երկու բազմտոնանոց կիսակցորդ՝ տեղակայված MAZ-796 տրակտորների վրա: Առաջինում հավաքված էր ռեակտորը, որը պաշտպանված էր կապարով ծածկված հաստ պողպատե թիթեղներով։ Ռեակտորի հզորությունը 630 կիլովատ էր:

Երկրորդում տեղակայված էր MINSK համակարգիչների վրա հիմնված կառավարման կենտրոն, որի անձնակազմը կազմում էր 28 մարդ: 1980-ականների սկզբին կառուցվել է երկու նախատիպ, որոնցից մեկն աշխատել է շուրջ 3000 ժամ, ինչը 1000 ժամով ավելին էր, քան գնահատված ժամանակը։ Նախագիծը դադարեցնելուց հետո՝ տարիներ անց, գիտնականները հայտնեցին համակարգը շարունակել է աշխատել ևս մի քանի տարի:

Ըստ շարժական ատոմակայանի հեղինակների, այդպիսի համալիրներից մեկը կարող էր Հեռավոր հյուսիսի 35 բնակավայրերի ապահովել մշտական էներգիայով։ Սակայն Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարը հանգեցրեց շարժական ատոմակայանների փորձարկման և զարգացման ամբողջական ավարտին:

1990-ականների սկզբին գիտնականներն առաջարկեցին վերսկսել փորձարկումները, սակայն գումարի բացակայության պատճառով այն վերջնականապես մատնվեց մոռացության։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, համալիրներն ամբողջությամբ ապամոնտաժվել են։