ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել համակարգիչներին, քան այլ մարդկանց

Գիտնականները նկատել են, որ մարդիկ ամենօրյա պարզ որոշումներ կայացնելու համար ավելի շատ ապավինում են ալգորիթմների խորհուրդներին, քան թե իրենց շրջապատի մարդկանց: Ժամանակի ընթացքում համակարգիչների հանդեպ վստահությունը մեծանում է, քանի որ մենք սկսում ենք ամենօրյա խնդիրները մարդկանց համար չափազանց դժվար համարել: Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ մարդիկ պատրաստ են համակարգչին ավելի շատ վստահել, քան այլ մարդկանց: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է չափազանց բարդ և ծավալուն առաջադրանքներին:

Փորձերի ընթացքում հետազոտողները հազարից ավել կամավորների խնդրել են հաշվել լուսանկարներում պատկերված մարդկանց քանակը։ Ինչպես նաև խնդրել են նրանց համեմատել մարդկանց կողմից ասված և ալգորիթմի կողմից ստեղծված արտահայտությունները: Աստիճանաբար, երբ լուսանկարներում պատկերված մարդկանց թիվն աճում էր, հաշվելն ավելի էր դժվարանում: Փորձարկվողներն ավելի մեծ հավանականությամբ սկսում էին հետևել ալգորիթմի կողմից առաջ բերված ենթադրությանը, այլ ոչ թե իրենց ինքնուրույն հաշվածին: Ինչպես նաև կասկածանքով էին վերաբերվում այլ մասնակիցների հաշվարկներին։ Հետաքրքիր է, որ մասնակիցները հաճախ անտեսում էին ԱԲ -ի թույլ տված սխալները, բայց նկատում էին այլ կամավորների անճշտությունները: «Ալգորիթմներն ունակ են կատարել հսկայական թվով առաջադրանքներ, և դրանց քանակն օրեցօր աճում է, – ասում է հետազոտության համահեղինակ Էրիկ Բոգերտը,- կարծես թե, խնդիրների բարդացմանը զուգահեռ մենք ավելի հակված ենք դառնում ապավինել ալգորիթմներին, և սա ավելի բնական է դարձել մեզ համար, քան այլ մարդկանց վրա հույս դնելը»:

Փորձի համար նման առաջադրանքի ընտրությունը պատահական չէր: Հեղինակները բացատրել են, որ լուսանկարում մարդկանց հաշվելը այնպիսի խնդիր է, որն ավելի է բարդանում, երբ պատկերված մարդկանց քանակը մեծանում է: Բացի այդ, ըստ գիտնականների, դեմքի ճանաչման ալգորիթմները բավականին լավ են ուսումնասիրված՝ լուրջ սխալները բացառելու համար:

Այս հետազոտությունը մարդ-մեքենա համագործակցությունն ուսումնասիրող ավելի մեծ ծրագրի մի մասն էր: «Վերջնական նպատակն է համեմատել մարդկանց և որոշումներ կայացնող ալգորիթմները, գնահատել մարդու վարքը և ի վերջո գտնել միմյանց ավելի շատ վստահելու միջոց», – ասում է հետազոտության համահեղինակ Աարոն Շեկտերը: Այժմ գիտնականներն ուսումնասիրում են, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ալգորիթմի առաջարկներին ՝ ստեղծագործական և բարոյական դատողություններ կայացնելիս, ինչպիսիք են օրինակ՝ տեքստեր գրելը կամ բանտարկյալների համար գրավի չափը որոշելը:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Scientific Reports ամսագրում: