ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր քաղաք ունի եզակի մանրէաբանական «մատնահետք»․ հրապարակվել է իր տեսակի մեջ առաջին ուսումնասիրությունը

Յուրաքանչյուր քաղաք բնակեցված է միկրոբային օրգանիզմների յուրահատուկ բազմությամբ, և այս մանրէաբանական «մատնահետքը» այնքան տարբերակիչ է, որ ձեր կոշիկի ”ԴՆԹ”-ն, ամենայն հավանականությամբ, բավական է՝ որոշելու ձեր բնակության վայրը, ասում են գիտնականները:

Նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները հազարավոր նմուշներ են վերցրել աշխարհի 60 քաղաքների մարդաշատ վայրերից՝ մետրոյի բռնակներից, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից, կայարաններից և այլն։

(Weill Cornell Medicine)

Մետագենոմիկական հաջորդականության (շրջակա միջավայրից հավաքված գենետիկական նյութի ուսումնասիրություն) միջոցով համադրելով շուրջ 4700 նմուշ՝ գիտնականները ստեղծել են քաղաքային մանրէաբանական էկոհամակարգի գլոբալ ատլաս, որն, ըստ նրանց, իր տեսակի մեջ առաջին համակարգված կատալոգն է:

Ըստ հրապարակված արդյունքների, գոյություն չունի միմյանց նման երկու քաղաք և յուրաքանչյուր քաղաքում հայտնաբերված մանրէաբանական տեսակները տարբերվում են այլ քաղաքային միջավայրերում հայտնաբերված պոպուլյացիաներից։

Ավելին, երեք տարվա վերլուծության արդյունքում հայտնաբերվել են նախկինում անհայտ հազարավոր միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ շուրջ 11,000 վիրուս և ավելի քան 1300 տեսակի մանրէ, որոնք չեն համապատասխանում որևէ հայտնի տեսակի:

«Այժմ ակնհայտ է, որ քաղաքներն, ընդհանուր առմամբ, ազդում են մարդու առողջության վրա, թեև այդ ազդեցության մեխանիզմները հիմնականում փոփոխական են և հաճախ հասկանալի չեն», – գրում են հետազոտողները իրենց նոր ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրություններն այժմ շարունակվում են։ Մեծ քաղաքների մանրէաբանական «մատնահետքը»  հայտնաբերելուց և նույնականացնելուց զատ, հետազոտողները հուսով են գտնել մանրէների պոպուլյացիայում առողջության սպառնալիքները պարզելու նոր եղանակներ։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։