ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է էվոլյուցիան «գիրացրել» մարդկանց

Գիտնականները համեմատել են մարդկանց և այլ պրիմատների ճարպի նմուշները և պարզել, որ ԴՆԹ-ի փաթեթավորման փոփոխություններն ազդում են մարդու մարմինը մշակում ճարպի մշակման գործընթացի վրա:

Առաջին հերթին ճարպերը մեր մարմնին անհրաժեշտ են էներգիա կուտակելու և կենսական օրգանները պաշտպանելու համար: Դրանք նաև մեր օրգանիզմին օգնում են կլանել որոշ օգտակար նյութեր և արտադրել կարևոր հորմոններ:

Սակայն կախված ճարպերի տեսակից, դրանց հատկությունները և մարդու մարմնի վրա ունեցած ազդեցությունները փոխվում են․ օրինակ, չհագեցած ճարպերը մեր օրգանիզմի համար ամենաօգտակարն են, իսկ հագեցած ճարպերն և տրանսճարպերը՝ ամենավտանգավորը։ Մարդիկ պետք է փորձեն խուսափել կամ հնարավորինս չափավոր օգտագործել հագեցած ճարպերն և տրանսճարպերը, որովհետև դրանք բարձրացնում են ցածր խտության լիպոպրոտեինների (LDL) կամ «վատ» խոլեստերինի մակարդակները։

Մարմնում ճարպի ամենատարածված տեսակը տրիգլիցերիդներն են (Triglycerides): Դրանք արյան հիմնական լիպիդներն են, որոնք հանդիսանում են բջիջների էներգիայի հիմնական աղբյուրը, մեր օգտագործած սնունդից կուտակում են ավելցուկային էներգիան։ Մարսողության ընթացքում մեր մարմինը քայքայում է դրանք և արյան միջոցով տեղափոխում բջիջներ:

Ճարպերի նյութափոխանակությունը մարդու գոյատևման բանալին է, և այս գործընթացի ցանկացած անհավասարակշռություն կարող է հանգեցնել գիրության, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների:

Սրտանոթային հիվանդությունները մահվան թիվ մեկ պատճառն են ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով միայն 2016 թվականին այս հիվանդությունից մահացել է շուրջ 18 միլիոն մարդ:

Իսկ ինչպե՞ս են մարդիկ դառնում «գեր»

Իհարկե, ուտելու ժամանակակից սովորությունները և ֆիզիկական վարժությունների բացակայությունը նպաստել են գիրության առաջացմանը, սակայն նոր հետազոտությունը մարդու մարմնի ճարպի աճի ձևավորման գործում նախևառաջ կարևորում է էվոլյուցիայի դերը:

Genome Biology and Evolution ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, ճարպային բջիջներում ԴՆԹ-ի փաթեթավորման փոփոխությունները նվազեցնում են մարդու մարմնի` «վատ» ճարպը «լավ» ճարպի վերափոխելու կարողությունը: «Մենք ճարպակալած պրիմատներն ենք»,- ասում է հետազոտության համահեղինակ Դեվի Սուեյն-Լենցը (Դյուկի համալսարան, ԱՄՆ)։ Հետազոտողները համեմատել են մարդկանց, շիմպանզեների և այլ պրիմատների ճարպի նմուշները՝ օգտագործելով ATAC-seq կոչվող տեխնիկան: Սա վերլուծում է, թե ինչպես է ճարպային բջիջների ԴՆԹ-ն փաթեթավորվում տարբեր տեսակների մարմնում:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ իրենց մարմնում ունեն 14%-ից 31% ճարպ, մինչդեռ այլ պրիմատների մոտ այն 9% -ից պակաս է։ Բացի այդ, մարդկանց մոտ ԴՆԹ-ի հատվածներն ավելի խտացված են, ինչը սահմանափակում է ճարպի նյութափոխանակության մեջ ներգրավված գեների հասանելիությունը:

Հետազոտողները պարզել են նաև, որ ԴՆԹ-ի շուրջ 780 հատված շիմպանզեների և մակակների մոտ ավելի հասանելի են, քան մարդկանց մոտ: Այսպիսով, մարդու մարմինը «վատ» ճարպը «լավ» ճարպի վերափոխելու սահմանափակ կարողություն ունի:

Ինչպես նշեցինք, ճարպերը տարբեր են լինում։ Մարդկանց մարմնում ճարպի մեծ մասը բաղկացած է սպիտակ ճարպից, կամ այսպես կոչված «վատ» ճարպից։ Սա ճարպի այն տեսակն է, որը կուտակվում է որովայնի և գոտկատեղի շրջաններում և գիրացնում մարդկանց։ Իսկ «լավ» ճարպը, որը կոչվում է նաև գորշ, ի տարբերություն նախորդի՝ օգնում է այրել կալորիաները։

Գիտնականները կարծում, որ նախամարդկանց մոտ սպիտակ ճարպի կուտակման հիմնական պատճառը ոչ թե կենսական օրգանների պաշտպանությունն էր կամ ջերմակարգավորումը, այլ աճող ուղեղի համար սնուցումն ապահովելու անհրաժեշտությունը։ Էվոլյուցիայի ընթացքում մարդկանց ուղեղի չափսը եռապատկվել է, և այժմ այն ավելի շատ էներգիա է սպառում, քան ցանկացած այլ օրգան։

Գիտնականները դեռ տարբերակներ են քննարկում, թե ինչպես կարելի է ակտիվացնել մարմնում սահմանափակ գորշ ճարպը, և արդյոք մարմնում «վատ» ճարպի վերափոխումը «լավ»-ին կնվազեցնի գիրությունը, թե՞ ոչ։ Գուցե ապագայում հայտնաբերեն գեների այն խումբը, որոնց միացնել-անջատելով կլուծվի նաև այս հարցը։