ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հին ժամանակներում տարածված վիրուսները խթանել են մեր նախնիների էվոլյուցիան

Գիտնականները ենթադրում են, որ առնվազն 20,000 տարի առաջ մարդկությունը բախվել է կորոնավիրուսային համաճարակի

Մարդկությունը կորոնավիրուսին շատ ավելի ծանոթ է, քան նախկինում էինք կարծում: Ավելին, հավանական է, որ հենց դա կամ նմանատիպ վարակիչ այլ հիվանդություններն են օգնել ձևավորել մարդու ներկայիս տեսքը: Այս եզրակացությանն է հանգել գիտնականների միջազգային խումբը, որը ժամանակակից մարդկանց գենոմում հայտնաբերել է հին վիրուսների հետքեր:

Վիրուսների փոխազդեցությունը մարդկային բջիջների հետ տեղի է ունենում սպիտակուցների միջոցով, որոնք կոդավորված են հատուկ գեների կողմից: Սա դինամիկ համակարգ է, որում կարելի է գտնել նախորդ փոփոխությունների հետքերը, այնպես, ինչպես ծառի օղակների տեսքն է վկայում դրա կյանքի կարևոր իրադարձությունների մասին:

Այսպես, մարդկային գենոմի էվոլյուցիայի վերաբերյալ Current Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, ցույց է տալիս, որ հազարավոր տարիներ առաջ Երկրի վրա կարող է բռնկված լինել կորոնավիրուսի մեկ այլ մեծ համաճարակ։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականներն օգտագործել են 1000 Genomes Project բազայի տվյալները, որը հանդիսանում է մարդու ընդհանուր գենետիկական տատանումների ամենամեծ հանրային կատալոգը։

Ըստ այդմ, Հարավարևելյան Ասիայի մի շարք էթնիկ խմբերի մոտ, որոնք ապրում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան, Հարավային Կորեան և Թայվանը, հայտնաբերվել են համապատասխան նշաններ․ հնագույն մարդկանց գենոմի փոփոխությունների առաջին հստակ ազդակները հայտնվել են 25,000 տարի առաջ, որը շարունակվել է մինչև մ.թ.ա. մոտ 3000 թվականը: Այսինքն ՝ մեր նախնիները հազարավոր տարիներ տառապել են վտանգավոր վիրուսներից, բայց, ի վերջո, հարմարվել են դրանց՝ էապես բարելավելով իրենց իմունիտետը:

Գիտնականները չեն շտապում հստակ եզրահանգումներ անել՝ արդյո՞ք դրանք հենց կորոնավիրուսներ են եղել, թե՞ մի շարք այլ տարբեր շտամներ: Այդ հարցի պատասխանը կտան հետագա ուսումնասիրությունները, բայց փաստն ակնհայտ է՝ անկախ նրանից, թե որքան և ինչ տիպի համաճարակներ են եղել անցյալում, դրանք, ի վերջո, ավելի ուժեղ և առողջ են դարձրել մեր տեսակին:

Նշենք, որ կորոնավիրուսը շուրջ 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք է։ Այս վիրուսներից յուրաքանչյուրը կենդանիների և մարդկանց վրա յուրահատուկ ազդեցություն ունի՝ սկսած ամենաթեթև անհանգստությունից մինչև բազմաթիվ մարդկային կյանքեր խլող ծանր հիվանդություններ, ինչպիսիք էին, օրինակ՝ MERS-CoV-ը կամ SARS-CoV-ը (առաջինը կատուներից է փոխանցվել մարդուն, երկրորդը՝ ուղտերից)։ Այս ընտանիքին 2019թ․ դեկտեմբերից միացավ նոր տեսակի վիրուսը՝ SARS-CoV-2-ը՝ COVID-19-ը, որը շուրջ երկու տարվա ընթացքում դարձավ 3,9 մլն մարդու մահվան պատճառ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։