ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ամստերդամում բացվել է աշխարհում առաջին 3D տպագիր պողպատե կամուրջը

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում բացվել է աշխարհի առաջին 3D տպագիր կամուրջը, որը միավորում է քաղաքի ջրանցքներից մեկի ափերը։ Այն այժմ բաց է հետիոտների և հեծանվորդների համար։ Կամուրջը ֆրանսիական Air Liquide, միջազգային ArcelorMittal, չինական Lenovo և մի շարք այլ ընկերությունների համատեղ նախաձեռնության արդյունք է։

Ի սկզբանե նախատեսված էր կամուրջը կառուցել տեղում, սակայն հետագայում որոշվեց այն ստեղծել գործարանում, ապա տեղափոխել։

Կամուրջի ստեղծման համար պահանջվել է շուրջ վեց ամիս և 4500 կիլոգրամ չժանգոտվող պողպատ։ Դրա ստեղծմանը մասնակցել են ռոբոտացված չորս համակարգեր, որոնք շերտ առ շերտ եռակցել են կառույցը։

Կամրջի երկարությունը 12,2 մետր է, լայնությունը` 6,3: Դրա տեխնիկական վիճակը վերահսկվելու է ներկառուցված սենսորների համակարգի միջոցով: Հավաքված տեղեկատվությունը թույլ կտա իրական ժամանակում գնահատել ինժեներական կառուցվածքի վիճակը՝ հնարավոր բոլոր տեսանկյուններից՝ թրթռումից մինչև արտաքին ջերմաստիճան։ Ստացված տվյալները կմեկտեղվեն և կվերածվեն կամրջի թվային մոդելի։

Ինժեներները կօգտագործեն այս մոդելը՝ եզակի նյութի հատկությունները ուսումնասիրելու համար, ինչպես նաև մեքենայական ուսուցման միջոցով կկարողանան հայտնաբերել կամրջի հնարավոր փոփոխության յուրաքանչյուր միտում։ Նրանք նաև հույս ունեն, որ դա կօգնի հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել այս տեխնոլոգիան ավելի մեծ և բարդ շենքեր նախագծելու համար:

Ինչպես նշում են հեղինակները, կամրջի սենսորների՝ շահագործման հանձնելուց հետո գրանցած տվյալները դեռևս շարունակում են դրական մնալ։

Հաջորդ քայլ չժանգոտվող պողպատի օգտագործմամբ առավել ընդգրկուն և բարդ կառույցներ ստեղծելն է։