ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանադացի գիտնականները ստեղծել են «մահվան հաշվիչ» տարեցների համար

Նոր առցանց հաշվիչը կարող է արագ և հեշտությամբ կանխատեսել, թե տարեց մարդկանց որքան ժամանակ է մնացել ապրելու: Այն նաև թույլ կտա հաշվարկել, թե ինչ տեսակ օգնության կարիք են նրանք ունենալու։

Հակառակ տարեցների մոտ մահվան դեպքերի մեծ մասի կանխատեսելիությանը, զարգացած երկրների շատ բնակիչներ տանը համապատասխան որակյալ օգնություն և խնամք չեն ստանում: Իսկ այն տարեցների համար, ովքեր կյանքի վերջում ստանում են պալիատիվ խնամք, որպես կանոն, արդեն շատ ուշ է լինում:

Օրինակ, բարձր եկամուտ ունեցող երկրներում տարեց մարդկանց մեծ մասը հիմնականում մահանում է քաղցկեղից, սրտի հիվանդություններից և ինսուլտից: Մահվան այլ հիմնական պատճառները, ինչպիսիք են տկարամտությունը կամ ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդությունը, նույնպես ունեն ախտանշաններ, որոնք բնորոշ են տարեց մարդկանց, և հանգեցնում են ֆիզիկական ու ճանաչողական գործառույթների վատթարացմանը, ինչպես նաև առաջացնում են օգնության և խմանքի ավելացման անհրաժեշտությունը։

Կանադայի Բրյուերի հետազոտությունների ինստիտուտի, Օտտավայի և ՄաքՄաստերի համալսարանների գիտնականները տարեց մարդկանց մահացության ռիսկը կանխատեսելու մոդել են մշակել՝ նպատակ ունենալով շտկել իրավիճակն ու մարդկանց ուշադրությունն ավելի կենտրոնացնել տարեցների վրա՝ հատկացնելով նրանց ուշադրություն ու անհրաժեշտ խնամք։

«Մահվան հաշվիչը», որը հեղինակներն անվանել են RESPECT (The Risk Evaluation for Support: Predictions for Elder-Life in the Community Tool) մշակվել է 50-ից բարձր ավելի քան 491,000 մարդկանց տվյալների հիման վրա, ովքեր 2007-2013 թվականներին ստացել են տնային խնամք: Հարցվածների միջին տարիքը 79,7 էր, որից 65%-ը կանայք էին: Այն ներառում է 15 հարցից բաղկացած հարցաթերթիկ և հասանելի է այստեղ:

Ըստ RESPECT-ի հարցաթերթիկի պատասխանների, ուսումնասիրության մասնակիցներն առավել հաճախ տառապում էին արյան բարձր ճնշումից (60,8 %), սրտի իշեմիկ հիվանդությունից (26,8 %) և Ալցհեյմերի հիվանդությունից կամ այլ տեսակի տկարամտությունից (23,5 %): Մարդկանց ավելի քան 78%-ը նշել է, որ օգնության կարիք ունի առօրեական տնային գործերը կատարելիս, ինչպիսիք են, օրինակ խոհարարությունը կամ հեռախոսի օգտագործումը: Միևնույն ժամանակ, 55%-ը կարծում է, որ կարող է ինքնուրույն օգտվել զուգարանից, ցնցուղ ընդունել և հաց ուտել:

«Երբ մարդը մոտենում է մահվան շեմին, բուժական խնամքը, որպես հիմնական նպատակ, փոխվում է դեպի այնպիսի խնամք, որի նպատակը մարդու կյանքի մնացած մասը բարելավելն է: Մեր «հաշվիչը» թույլ է տալիս ընտանիքներին և նրանց սիրելիներին պլանավորել, թե օրինակ ե՞րբ աշխատանքից հանգստանալ մեկ օր` ծնողների հետ լինել համար, կամ որոշել, թե ե՞րբ նրանք կարող են միասին անցկացնել վերջին արձակուրդը»,- բացատրել են հեղինակները:

Այնուամենայնիվ, Տորոնտոյի համալսարանի կենսաէթիկայի մասնագետ Քերի Բոումանը նշում է, որ նման մոդելավորումը առողջապահական համակարգ ներմուծելը կարող է դառնալ «էթիկական ականադաշտ»: Չնայած RESPECT-ն ունի որոշ առավելություններ, ինչպիսիք են խնամքի նախնական պլանավորումը, միևնույն ժամանակ շատ հարցեր բաց են մնում. օրինակ, թե ինչպես են այդպիսի կանխատեսումները ազդելու մարդու վիճակի վրա և արդյոք նա ի վիճակի է համաձայնություն տալ այդ տեղեկատվությունը ստանալու համար»։

Մանրամասները հրապարակվել են CMAJ ամսագրում: